25 дек. 2013 г.

Հիշում եմ կարոտելով...

Հիշում եմ՝ ինչպես էիր ափերումդ թաքցնում դեմքդ: Այժմ ոչ միայն աչքերդ եմ կարոտել, այլ հենց ձեռքերդ, անզգացմունք ու ոչինչ չասող մատե վարագույրդ եմ կարոտել, սիրո՛ւնս: Գեղեցկությունն էլ անզգացմունք հայացքումդ էի որոնում, և երբ սանրե մատերդ հփվում էին ուղղավարսերիդ, դա էր ինձ համար աստածային գեղեցկությունը: Գիտեմ, հիմա մատերովդ հետ կտանես վարսերդ ու անհանգիստ հայացքդ կբեկվի մե՛կ ինձ, մե՛կ գետնին.
Ի՛նձ, որ մեջս գտել էիր քեզ և գետնի՛ն, որ իմ մեջ կորցրիր քեզ... 

Այժմ արդեն քո՝ գետնին նայող վերջնահայացքն եմ անգամ կարոտում: Քայլքդ եմ կարոտում... այո՛, անգամ հեռացումի...

20 дек. 2013 г.

Հետաքրքիր փաստեր ֆուտբոլի մասին

Ներքոնշյալ փաստերը հավաքել և տետրերումս գրառել եմ 7 տարեկանից սկսած: Եթե հետաքրքրի, խոստանում եմ մերթընդմերթ անդրադառնալ այս թեմային.


·1976 թվականի մարտի 20-ին անգլիական «Լեսթեր Սիթի»-«Ասթոն Վիլա» հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, բոլոր 4 գոլերն էլ խփեց «Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստ Քրիս Նիկոլը:
  • 2000 թվականի մայիսի 17-ին Իսպանիայում անցկացվեց անսովոր բարեգործական հանդիպում. «Ատլետիկ Բիլբաոն» մրցում էր 200 երեխաների հետ միաժամանակ: Վերջիններս ունեին 3 դարպասապահ և ընտրել էին 66-80-51 տակտիկան, սակայն պարտվեցին 3-5 հաշվով:
· Հայտնի երգիչ Խուլիո Իգլեսիասը ժամանակին հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», սակայն ավտովթարի պատճառով 20 տարեկանում հեռացել է ֆուտբոլից:

·1950 թվականին Հնդկաստանի ազգային հավաքականը զրկվեց աշխարհի առաջնությանը մասնակցելուց այն բանից հետո, երբ ՖԻՖԱ-ն արգելեց հնդիկներին խաղալ ոտաբոբիկ:

·Յուրօրինակ ռեկորդ է սահմանել «Ստոկհոլմ» թիմի երիտասարդական կազմի դարպասապահ Ների Զլատանը, ով մի հանդիպման ժամանակ ընդհանրապես չի դիպել գնդակին, իսկ իր թիմը հաղթել է 18:0 հաշվով:

· Վատիկանի ազգային առաջնությունում խաղում են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Բանկը», «Փոստը», «Ոստիկանությունը», «Գրադարանը», Թանգարանների հավաքականը և այլն:

·1891 թվականին անգլիացի ֆուտբոլային մասնագետ Ջոն Պենալթիի առաջարկությամբ ֆուտբոլի մեջ մտցվեց կանոն, ըստ որի` սեփական տուգանայինում կոպիտ խախտման դեպքում պետք է նշանակվի 11-մետրանոց հարված, որն էլ այս մասնագետ անունով կոչվեց «պենալ»:

·Մառախուղ. անգլիական ֆուտբոլի մղձավանջներից մեկը. չեն երևում ոչ ֆուտբոլիստները, ոչ հանդիսականները: Այսպիսի մի խաղից հետո ֆուտբոլիստ Ջորջ Օդսը ասել է. «Հիշում եմ, որ հաստատ խփել եմ 5 գոլ, բայց թե ում դարպասին՝ չեմ հիշում...»:
Այդ խաղից հետո մրցավարը նկատել է, որ յուրաքանչյուր թիմում խաղացել է 18 հոգի:

18 дек. 2013 г.

Միայն Ամանորին...

Շուտով Ամանոր է... երազկոտ հայացքով անաստղ երկնակամարին նայող աչքերը ավելի փայլուն են դառնում: Եզակի օրեր են, երբ առատ ձյան սառնությունը երկրոդական է դառնում: Յուրաքանչյուրս ցանկանում ենք համատարած ճերմակության մեջ որոնել մեր երազները... մթագնած լույսերը շուտով կկորեն անթափանց մառախուղի անգույն ու անպատկեր մշուշում... ա՜խ, գեղեցիկ ես որքան սիրելի՛ս, որ քայլերդ ուղղել ես ճանապարհի ամայությանն ընդառաջ: Շուտով դու էլ՝ ողջ հասակով, երկար մազերով ու նուրբ ձեռքերով կկորչես մառախուղի անդարձ գրկում: Եվ հունվարին... կվերադառնաս աներազ ու հրաշքներին անհավատ գիշերով: Սակայն... կմարեն արդեն ամանորյա երազների բուռն հրճվանքներս... այդ գիշերն ինձ համար կլինի ուղղակի սառը գիշեր՝ հունվարյան մի պահ, որն ամենևին էլ դեկտեմբերից ցուրտ չէ... հոգի՛ս է ցուրդ սիրելիս: Միայն մինչ Ամանորն եմ հավատում երազներին...

Մի լուսանկարի պատմություն

Վերը նշված լուսանկարը մի քանի օրվա պատմություն ունի. դեկտեմբերի 15-ն էր: Աշխատանքի բերումով գտնվում էի Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում և նկարում հերթական մարզումը:

Պարապմունքի ավարտն էր. նկարում էի վերջին կադրերը, իսկ հրաձիգ-հրաձգուհիները դիպուկ կրակոցներով զարմացնում էին ինձ: Առաջին հերթին ինձ հետաքրքրում էր վերջիններիս հայացքները՝ միակենտրոն, ուշադիր...
«Ավա՛րտ» հրամանից վայրկյաններ առաջ հնարավորություն ընձեռվեց դիմացից նկարել նշանառուներին: Մի պահ ինձ թիրախ զգացի. 2 տասնյակից ավել զենք «ուշադիր հայացքներով» զննում էին ինձ: Թիրախագոտի մտնելիս մի աղջկա հայացք տեսա. ցանկացա նկարել, սակայն կարծեցի, որ բնական չի ստացվի, քանի որ յուրաքանչյուր պահ հայացքը «որսում» էր տեսախցիկիս տեղաշարժը: Արագ մի քանի լուսանկարներ և մի պահ, երբ ծնկաչոք է և նկարում էի ավելի վաղ նկատածս աղջկա կողքի հրաձգուհուն, զգացի... ա՜յն հայացքը, որը հետևում էր իմ տեղաշարժին, այժմ այլ կետի է սևեռված: Մեկ քայլ ու տեսախցիկիս էկրանին վարկենաբար արտացոլվեց աղջկա (անունը հետագայում իմացա՝ Սուսաննա) հայացքը: Զգացի, թե ինչքան անսպասելի էր իմ տեղաշարժը Սուսաննայի համար... ինձ հետ դա էր պետք... ցանկանում էի, որ նա չնկատի ինձ, չմտածի նկարվելու մասին. ու հենց այդպես էլ եղավ. ես որսացի Սուսաննայի հայացքը: Ասեմ, որ այս հայացքը մի պահ նույնիսկ վախեցրեց ինձ... նման բան մեկ էլ ֆիլմերում էի տսել, երբ զենքից այլևս փախչել չես կարող, այս պարագայում էլ զենքից առավել ինձ հենց հայացքը վախեցրեց...

15 дек. 2013 г.

Լռեմ քեզ հետ, իմ սիրելի՛

Հեռացումի քայլքդ անկանգ
Ինձնից քեզ է գողանում...
Անվերադարձ հետհայացքդ՝
Լռությունդ արժեվորում:

Լռեմ քեզ հետ իմ սիրելի՛
Ողջ երեկոն հեռացումի.
Քո լռության փափուկ ձայնում
Սերն է գոռում, անկանգ ձայնում:

Քո հայացքում անլռելի
Այնքան խոսուն խոհեր կան,
Անգամ մի կյանք արժե ամբողջ
Քեզ հիշելն ու կարոտելը...

12 дек. 2013 г.

Քո ու մանուշակի անձայն զրույցը

Մի՛ գնա... սպասի՛ր ակնթարթ, քո մեջ այնքան ջերմություն կա, քո մեջ կյանք կա ծվարած՝ անգամ այս ցրտին: Քո փաթիլի մեջ ջերմություն կա և քո հնամենի անտեր այգում գարնանածին մի մանուշակ կա... անտես, գլխիկոր.

Իրկնային լույսն էլ ստվեր կգցի անծիլ այգում բուսնած անմեղին. համատարած ամայություն և մի ցածրահասակ փարոս՝ իր կարճատև գոյությունը պահպանել ցանկացող մի մանուշակ, որը, կողքին ոչինչ չունենալով, ակամայից կծկվել է... վախենալով ոտնահետքից.

Լսի՛ր, շիկավարս օրիորդ, որ քնքշորեն ու դանդաղասահ քայլքով շունչ ես տալիս ամայի դաշտին, շնչում ես անհուն ազատությունն ու վայելում մեղմ զեփյուռը... քո շագանականագույն աչքերում վառ գույներ են միայն...

Ես էլ հեռվից թող ակնդիր լինեմ քո ու մանուշակի անծանոթ, անխոս զրույցին... եթե մանուշակն էլ ոտքեր ունենար, գուցե քայլեր քեզ պես, գեղեցկուհի՛.

-Նայի՛ր մանուշակին, նա էլ քեզ պես շիկնեց ամոթից...
Ա՜խ, հնչուն է ինչքա՜ն, քո մեղմ հայացքը անձայն...

11 дек. 2013 г.

Ես հավատում եմ քեզ, ձյո՛ւն


Ձյան խիտ փաթիլները երեկոյան լույսերի ներքո քնքշորեն կնստեն անծածկ մազերիդ ու ամեն անգամ գլուխդ վեր բարձրացնելիս մեղմ կսահեն երկար վարսերդ ի վար: Իրիկնային լույսերը հասցնում են լուսավորել կիսադեմդ միայն, իսկ արցունքախեղդ աչքերդ շարունակում են մնալ մթության անհուններում: Գիտեմ՝ հիմա կկանգնես մայթեզրին ու մի հայացք կգցես հարևան շենքի՝ արդեն քեզ ծանոթ պատուհանին... այս անգամ անլույս պատուհանը դրսում նրան հանդիպելու չնչին հնարավորություն է տալիս... աչքերդ ավելի են փայլում, դառնում որոնողական: Քանի օր է արդեն լուսավորված պատուհանին մեկնված հայացքը մարում էր վերջինիս հանդիպելու բոլոր հույսերը. հիմա արդեն հույս կա. չնչին հույս՝ հանդիպումի ու կյանքի: Գիտեմ, սիրելիս, դու չես հավատա և մի անգամ ևս հարկերը հաշվելով կհստակեցնես տեսածդ. այո՛, լույսերը չեն վառվում... քեզ կմնա շշնջալ միայն.

-Ես հավատում եմ քեզ, ձյո՛ւն:

Սիրտդ ակամայից կսկսի հավատալ հեքիաթներին, քայլքդ կդառնա արագ ու անկանգ, աչքերդ՝ ամենատես... թեթև ժպիտ ու մի հետհայացք.

Լույսերը վառվեցին... դեղնավուն պատուհանն էլ ավելի հստակեցրեց ձյան՝ արդեն անհավատ փաթիլները... րոպեական հույսերն ավարտվեցին....

10 дек. 2013 г.

Ողջույն օրիո՛րդ... Դուք անչափ գեղեցիկ եք

Ձյունանիստ այգում, ուր դեռ մարդկային ոտնահետքը չէր գծանկարել համատարած ճերմակությունը ճեղքող ուղին, սպիտակության հետ համադրվող շունը ակնդիր զննում էր ծառաթափ ձյան արագահոս փաթիլները: Շան հայացքը հանկարծ որսում է այն աչքերը, որոնք ակնթարթային վախով նայեցին իր նորանկատ, բայց արագաշարժ պոչին: Կենդանու հայացքը համբերատար ճանապարհեց օրիորդին, մինչև ծառուղու ավարտը, ապա նորեն բեկվեց ճանապարհին՝ այլ անցորդի դիմավորելու միտումով:

Օրիորդի աչքերը չէին կտրվում սպիտակափառ ծառերից, որոնողական հայացքը փնտրում էր կարճահասակ ծառերի չոր ճյուղերը շարժող ճագարին, որն արդեն հասցրել էր մեղմ ժպիտ հաղորդել մենուհու գեղեցիկ դեմքին: Ձյունն ընդունում էր առաջին քայլերը, որոնք աղջկան դարձրել էին երեխա... ամեն անգամ քայլ անելիս ժպիտ և հրճվանք...

Ողջույն օրիո՛րդ... Դուք անչափ գեղեցիկ եք:

9 дек. 2013 г.

Քրտնած ապակին ցուցամատերիդ կարիքն ունի...

Երկերեսանի ու ջերմասառը պատուհանից այն կողմ ձյունն իջնում է անշտապ, իսկ հիշողությունս արագացնում է սրտիս աշխտանքը, որն էլ իր հերթին շնչառությունս ավելի խորքային է դարձնում... շունչս ագահորեն հպվում է ապակուն ու... քրտնած «գրատախտակը» քո մատների կարիքն է զգում. նուրբ ցուցամատերդ պիտի միացման կետից կորագծերով առանձնանային ու պատկերեին սիրո խորհրդանիշը...այնինչ քո մատերի փոխարեն ափս ջնջում է ապակուն նստած գոլորշին... սրտագիծ փաթիլների փոխարեն ձյան գրոհը ես տեսնում էի առանց գոլորշու շղարշի... հերթական չստացված պատկերի նման քո բույրն էլ անդարձ ջնջվեց իմ գրկի խորքում...

8 дек. 2013 г.

Նայի՛ր, մեր ամենախենթ հանդիպումների վայրը...

Մեր լեզվով ասած «գիտակցված» խոստումներ ու ապագայակերտ երդումներ, իսկ դուռը փակելիս «բաժանո՞ւմ» հարցին` մի տխմար պատասխան. «Մեր ճակատագիրն էր այսպիսին...»:

Ճակատագիր կոչվածը քեզ չէր ստիպում ժամանակին հավերժ թվացող օդակշիռ խոստումներ արտաբերել, գրկել ու այդ պահը հավերժական սիրո պահ անվանել, իրականում դու էլ չէիր զգում քո խոստումների բարձրարժեքությունը, որոնք քո բերանում կորցնում էին իրենց փայլը:

-Նայիր, մեր ամենախենթ հանդիպումների վայրը... լճակն էլ արդեն ցամաքել է մեր սիրո պես... այս փոքրիկ առվակի կողքին անհանգիստ շունն էլ, ում մերթընդմերթ կերակուր էինք բերում, գուցե և սատկել է, հեռվից մեզ նայող ու մեզնով հիացող հովիվն էլ՝ գուցե կնքել մահկանացուն: Այլևս ոչինչ չի կապում քեզ այս վայրի հետ... լճակի մյուս ափի ուռենին էլ, որին հենվում էինք, հիմա ոչ թե մեզ է ջերմացնում, այլ աաա՜յն գեղեցիկ տանիքով առանձնատան սենյակները... ճարճատում է վառարանում ու չի էլ հիշում մեր ձեռքերի հետքերը:  


Ահա՜, երեկոն էլ մեղմ չի իջնում, գալիս է միանգամից ու գնում անզգացմունք, անգամ լուսինն է մեզնից երես թեքել ու չի լուսավորում անհոգի միջավայրը, որին մենք շնչառություն էինք տվել... Այլևս ոչինչ: Միայն հիշողություններ, որոնք ոչ մի աղերս չունեն ներկա ժամանակի հետ: Քո խոստումները դարձել են տպագիր ու անշունչ տողեր, որոնք ընթերցվում են առանց սրտի թրթիռի ու գեթ մի կտոր զգացմունքայնությամբ: Միայն աչքերս են, որ ինչ-որ բաներ են հիշում ու ուղարկում հիշողությանս, հիշողությունս դադարում է ընդունել, սկսել է մերժել աչքերիս... իսկ մեր սիրո վայրը աչքերիս համար դարձել է անզգա մի տեսարան...

7 дек. 2013 г.

Ես եմ...

-Տո՛ւկ-տո՛ւկ...
-Բարև Ձեզ:
-Բարև Ձեզ:
-Ո՞վ է:
-Ե՛ս եմ...

Ինչքա՜ն ծավալուն են բառերը... մի ողջ ճակատագիր, ապրելակերպ ու անձնավորություն... մի դերանվան ու օժանդակ բայի մեջ... ե՛ս եմ. իմ հոգեվիճակով ու ապրելակերպով հանդերձ, զգացումներով ու զգացմունքներով... անհուն ու հեռու: Ամենածավալուն, սակայն միևնույն ժամանակ անվերջանալի շարադրություններ, շտեմարաններ կարող ենք գրել «Ես եմ» վերնագրի տակ: Իսկ որպես պատասխա՞ն... մի՞թե կարելի է ասել «Ես եմ» ու վերջ... իսկ դիմացինի ընկալո՞ւմը. չնայած «Ես եմ»-ին կարելի է նայել տարբեր հազարավոր ուղություններից, ինչքան աչքեր, այդքան ես եմ-ներ:

-Ո՞վ է:
-...

Պերճաշուք զգեստ մերկության հագին

Նայի՛ր, ի՜նչ մերկ է երկինքը... հոգնել է անթափանց մշուշի զգեստատիպ կոծկումներից... այս գիշեր բացել է իր ճերմակ կուրծքը, այո՛, լուսինը, որն ազատ կարող է վայելել երկնային պարզությունը: Մշուշն այլևս կրծկալի նման նրան չի գրկի... լիալուսինը հոգնել է գուցե կիսալուսին լինելուց ու անընդհատ մի աչքով ամայություն շնչելուց... այդ կուրծքը ոչ մի կրծկալ այդպես չի գեղեցկացնի, որքան թափանցիկ զեփյուռը: Մթությունն էլ անզոր է անշող լուսնի դեմ. և կեսգիշերին ամենն է անզոր լուսնի դեմ...

-Արի՛ շատացնենք այս կեսգիշերի բազմակետերը. շուտով երկինքը կամաչի լույսից ու անհուններում կթաքցնի ճերմակ կուրծքը...

6 дек. 2013 г.

Երկխոսություն. ոչ թե իմ ու քո միջև, այլ... մեր ու երազների

-Արմ, կյանքը գեղեցիկ է չէ՞:
-Ըհն:
-Ինչո՞ւ ես լռում, տխո՞ւր ես:
-Մտածում եմ:
-Ինչի՞ մասին:
-Կյանքի՛:
-Որ գեղեցի՞կ է:
-Որ գեղեցիկ է, երբ դու կողքիս ես...

Երբեմն երազները ցանկանում են նաև մեզ արթմնի հյուր գալ: Ինչո՞ւ ենք մենք նրանց միայն քնած ժամանակ տեսնում, գուցե և նրանք իրականում ավելի գեղեցիկ են: Պարզապես մենք այնքան ենք տարվում առօրյա խնդիրներով, որ չենք լսում, թե ինչպես են երազները մեզ ձայն տալիս... բայց նկատե՞լ եք, թե որքան համբերատար են նրանք. հոգ չէ, թե չենք լսում, նրանք էլի գալիս են... գիշերով...: Բայց կեսգիշերն անց, երբ մենք քնում ենք, գալիս են և խոսում միայն իրենք, իսկ մենք խոսելու ոչ մի հնարավորություն չունենք : Գուցե դա երազների պատի՞ժն է, գուցե նրանց պետք է լսել ցանկացած պահի՞...

Ամանորին ընդառաջ. թեման՝ ֆուտբոլ

Որոշ ծանոթներ փորձում են ինձ համոզել, որ ֆուտբոլը բավականաչափ սահմանափակ երևույթ է, որը նեղ առումով սկսվում և ավարտվում է մարզադաշտերի պատերի ներսում: Սակայն հետաքրքիր փաստերն օգնում են ինձ հակառակը համոզել և պատմածս պատմություններից նրանք փոքրիշատե փոխում են իրենց դիրքորոշումը: Ամանորյա տոներին ընդառաջ Ձեզ համար առանձնացրել եմ երկու հետաքրքիր փաստ, որոնք և՛ ֆուտբոլային են, և՛ ամանորյա:



Ֆինլանդական Ռովանիեմի քաղաքում 1993 թվականին հիմնադրվել է «Սանտա Կլաուս» ֆուտբոլային ակումբը: Այս ֆուտբոլային թիմում գրեթե ամեն ինչ կապված է Ձմեռ պապի հետ. ֆուտբոլիստները խաղում  են կարմրասպիտակ մարզաշապիկներով, իսկ ակումբը ներկայացնող զինանշանին գրառումներ կատարող Ձմեռ պապն է: Այս թիմում հանդես եկող ֆուտբոլիստների աշխարհագրությունը սահմանափակվում է միայն Ֆինլանդիայով, քանի որ ակումբի նախագահը միայն ֆինլանդացիների մեջ է տեսնում Ձմեռ պապ-ֆուտբոլիստների: Գուցե հիմա հետաքրքրի, թե ո՞վ է ակումբի նախագահը… թիմը ղեկավարում է Ֆինլանդիայի գլխավոր Ձմեռ պապ Յարմո Յիպաավալնեմիեմին. Այս դժվարագույն ազգանունով Ձմեռ պապը նաև թիմի գլխավոր մարզիչն է:




Ֆուտբոլային մարտավարությունների մեջ էլ կա 4-3-2-1 «The Christmas tree» դասավորությունը: 4 պաշտպան, 3 կիսապաշտպան, 2 ենթահարձակվող, 1 հարձակվող և ֆուտբոլիստները խաղադաշտում կառուցում են 11 բաղադրիչից տոնածառ:

Ես ու... նրա հայացքը (հուշ Թբիլիսիից)

Թբիլիսիին յուրահատուկ կիսախամրած գույները՝ երեկոն իջնելուն պես շտապեցին ողողել քաղաքը: Տխրադեմ անցորդները նեղլիկ փողոցներով շտապում էին դատարկել մայթերը, իսկ փողոցի՝ մի փոքր ներս ընկած հատվածում հարմար տեղավորված դրամահավաքը ուշադրությամբ զննում էր յուրաքանչյուր անցորդի լուռ կիսադեմը: Հայացքի հերթական տատանումը որսաց դեմքս... միանգամից անակնկալի եկա՝ տեսնելով մոտ 20-22 տարեկան կարճավարս օրիորդի, ում երազկոտ աչքերն ամենևին էլ դրամահավաքի աչքեր չէին: Գուցե մռայլով պարփակված անցորդների հետնապատկերի՞ն էին վրացուհու աչքերն այդպես փայլում, չգիտեմ... ակամայից մոտեցա, իսկ յուրաքանչյուր քայլիս հետ նրա աչքերն ավելի պարզ էին փայլում, շուրժերի՝ ժպտալուն միտված բացվածքն ավելի էր լայնանում... մի քանի մետաղադրամ նրան մեկնելու պահին վերջինիս ժպիտի խինդը հասավ գագաթնակետին: Հետ դառնալու պահն անսովոր էր... ես սովորել էի նրա ժպիտին, նրա խոսուն աչքերին. կատարածս առաջին գործողությունը նորից հետ թեքվելն ու նրա հայացքը մի քանի վայրկյան ավել «լսելն» էր... նրա աչքերն ավելի քիչ էին «խոսում», շրթունքներ կրծելու արագությունը նվազել էր, իսկ երբ ես հասա իմ սկզբնակետին ծանոթ հայացքն արդեն իմ կողմը չէր...

Դադար` մինչև «բարև» ասելը...

Ես հույս ունեմ, որ վաղն էլի կտեսնեմ քեզ... կբարևեմ, իսկ դու մինչև «բարև» ասելը մի քանի վայրկյանանոց դադար կպահես... ես այդ դադարի մեջ արդեն սովորել եմ տեսնել մի ողջ ներքնաշխարհ: Գիտեմ՝ կփորձես թաքցնել հայացքդ ինձնից կտրելով, բայց քո դադարը համբերատար սիրահարվածի նման կպատմի ողջ եղելությունը... կպատմի ինձ, որ անցած օրերն ամենևին էլ չեն համապատասխանում անցյալ ժամանակին... դրանք ներկա են ու սպառնում են լինել ապառնի: Ես էլ քեզ պես հաճույքով հիշում եմ օրերն անհոգ, բայց հիշելու հետ մեկտեղ նրանցով լցնում օդս... առանց այդ հուշերի ես չկամ ու չկա մեր կապը... կա՛նգ առ դադարի ակնթարթ, դու ինձ բան ունես ասելու...

Ձմեռ էր... 3 տարի առաջ դեկտեմբերի սկիզբն էր...

Ձմեռ էր... 3 տարի առաջ դեկտեմբերի սկիզբն էր... ձյուն էր, բայց երկինքը՝ պարզ, լուսինը՝ դյուրատես:

-Այո՛, ես եմ վարդը քեզ ուղարկել:
-Ես գիտեի:
-Կասե՞ս՝ ինչ ես զգում իմ հանդեպ:
-Զգացածս դեռ հստակ չէ:
-Բայց զգո՞ւմ ես ինչ-որ բան:
-Դե... գուցե:



Առաջին սեր... երբ զգում էի անզգալի թվացողը. գուցե և չէի էլ հասկանում, թե ինչ եմ զգում... մնաս բարով իմ առաջին սեր, իմ առաջին երազանք... քո աչքերով եմ առաջին անգամ աստղերին նայել խորհելու միտումով: Առաջին անքուն, բայց մտածված անքուն գիշերները քեզնով եմ լուսացրել: Շնորհակալություն, որ մի քանի ամիս ստիպել ես սրտիս անհանգիստ բաբախել... շնորհակալություն, որ եղել ես...