6 дек. 2013 г.

Ես ու... նրա հայացքը (հուշ Թբիլիսիից)

Թբիլիսիին յուրահատուկ կիսախամրած գույները՝ երեկոն իջնելուն պես շտապեցին ողողել քաղաքը: Տխրադեմ անցորդները նեղլիկ փողոցներով շտապում էին դատարկել մայթերը, իսկ փողոցի՝ մի փոքր ներս ընկած հատվածում հարմար տեղավորված դրամահավաքը ուշադրությամբ զննում էր յուրաքանչյուր անցորդի լուռ կիսադեմը: Հայացքի հերթական տատանումը որսաց դեմքս... միանգամից անակնկալի եկա՝ տեսնելով մոտ 20-22 տարեկան կարճավարս օրիորդի, ում երազկոտ աչքերն ամենևին էլ դրամահավաքի աչքեր չէին: Գուցե մռայլով պարփակված անցորդների հետնապատկերի՞ն էին վրացուհու աչքերն այդպես փայլում, չգիտեմ... ակամայից մոտեցա, իսկ յուրաքանչյուր քայլիս հետ նրա աչքերն ավելի պարզ էին փայլում, շուրժերի՝ ժպտալուն միտված բացվածքն ավելի էր լայնանում... մի քանի մետաղադրամ նրան մեկնելու պահին վերջինիս ժպիտի խինդը հասավ գագաթնակետին: Հետ դառնալու պահն անսովոր էր... ես սովորել էի նրա ժպիտին, նրա խոսուն աչքերին. կատարածս առաջին գործողությունը նորից հետ թեքվելն ու նրա հայացքը մի քանի վայրկյան ավել «լսելն» էր... նրա աչքերն ավելի քիչ էին «խոսում», շրթունքներ կրծելու արագությունը նվազել էր, իսկ երբ ես հասա իմ սկզբնակետին ծանոթ հայացքն արդեն իմ կողմը չէր...

Комментариев нет:

Отправить комментарий