8 дек. 2013 г.

Նայի՛ր, մեր ամենախենթ հանդիպումների վայրը...

Մեր լեզվով ասած «գիտակցված» խոստումներ ու ապագայակերտ երդումներ, իսկ դուռը փակելիս «բաժանո՞ւմ» հարցին` մի տխմար պատասխան. «Մեր ճակատագիրն էր այսպիսին...»:

Ճակատագիր կոչվածը քեզ չէր ստիպում ժամանակին հավերժ թվացող օդակշիռ խոստումներ արտաբերել, գրկել ու այդ պահը հավերժական սիրո պահ անվանել, իրականում դու էլ չէիր զգում քո խոստումների բարձրարժեքությունը, որոնք քո բերանում կորցնում էին իրենց փայլը:

-Նայիր, մեր ամենախենթ հանդիպումների վայրը... լճակն էլ արդեն ցամաքել է մեր սիրո պես... այս փոքրիկ առվակի կողքին անհանգիստ շունն էլ, ում մերթընդմերթ կերակուր էինք բերում, գուցե և սատկել է, հեռվից մեզ նայող ու մեզնով հիացող հովիվն էլ՝ գուցե կնքել մահկանացուն: Այլևս ոչինչ չի կապում քեզ այս վայրի հետ... լճակի մյուս ափի ուռենին էլ, որին հենվում էինք, հիմա ոչ թե մեզ է ջերմացնում, այլ աաա՜յն գեղեցիկ տանիքով առանձնատան սենյակները... ճարճատում է վառարանում ու չի էլ հիշում մեր ձեռքերի հետքերը:  


Ահա՜, երեկոն էլ մեղմ չի իջնում, գալիս է միանգամից ու գնում անզգացմունք, անգամ լուսինն է մեզնից երես թեքել ու չի լուսավորում անհոգի միջավայրը, որին մենք շնչառություն էինք տվել... Այլևս ոչինչ: Միայն հիշողություններ, որոնք ոչ մի աղերս չունեն ներկա ժամանակի հետ: Քո խոստումները դարձել են տպագիր ու անշունչ տողեր, որոնք ընթերցվում են առանց սրտի թրթիռի ու գեթ մի կտոր զգացմունքայնությամբ: Միայն աչքերս են, որ ինչ-որ բաներ են հիշում ու ուղարկում հիշողությանս, հիշողությունս դադարում է ընդունել, սկսել է մերժել աչքերիս... իսկ մեր սիրո վայրը աչքերիս համար դարձել է անզգա մի տեսարան...

Комментариев нет:

Отправить комментарий