25 мар. 2014 г.

Սիրում եմ քեզ չնկատելդ

Մոտ արի... քայլերդ անշտապ ուղիր դեպ ինձ և չմոռանաս հայացքդ բեկել գետնին... իբր ամաչում անգործ մեղքերի ու կատարյալ պարզության... ես սիրում եմ հոգուդ մերկությունը: Երեկոյան գուցե լուսնի անքող լույսն է փայլ տալիս աչքերիդ կամ էլ աչքերդ են լցվում... բայց ինչո՞ւ. հա՜, միգուցե գիշերն է հիշեցնել տալիս աղմկոտ ցերեկվա մշուշում կորած աննկատ սխալները... գիշերն էլ՝ որպես օրվա դիպուկ հետգրություն, մեղմ թերթել է տալիս էջերը ժամեր առաջվա:

Բեկբեկուն հայացք, արցունքախառն ժպիտ... ա՜խ, ես պաշտում եմ անգո պարզությունդ... որը գուցե դու էլ չես տեսնում... սիրում եմ քեզ չնկատելդ...

Օ՜, աստվածներ ֆուտբոլի...

23 մարտի 2014 թվական... մոլորակը նմանվել էր գնդակի և... բաժանվել 2 մասի... այդժամ ֆուտբոլային հանրությունը ներկվեց սպիտակ և կապտանռնագույն գույներով... երկրպագուները շունչները պահած, սրտի թրթիռով հետևում էին անասելի դիտարժանությամբ Սուպեր Կլասիկոյին... հանդիպում, որն իր տեսակի մեջ եզակի է... հանդիպում, որ ամենա-ամենան է և բավարարում է անգամ խաղը զուտ գոլերի համար դիտողներին... 7 գոլ մեկ խաղում, 90 լարված րոպեներ, բեկումնային դրվագներ, կարմիր քարտ և երեք 11 մետրանոց. էլ ի՞նչ էր պետք երկրպագուին... սա էր դիտարժանության գագաթնակետը...

Վերջնարդյունքում կատալոնական Բարսելոնան 4-3 հաշվով հաղթեց Ռեալ Մադրիդին... ֆուտբոլասերները ևս մեկ անգամ համոզվեցին, որ կատալոնա-մադրիդյան դիմակայությունը բացառիկ է թե՛ մթնոլորտով, թե՛ դիտարժանությամբ, թե՛ անասելի աստղաբույլով.. թե՛, թե՛, թե՛... Լիոնել Մեսին ընդդեմ Քրիշտիանո Ռոնալդուի... և կարևոր չէ, թե այս գերաստղերից ով է լավագույնը.. փաստ է, որ նրանք են լավագույն... Սանտիագո Բերնաբեուն 90 րոպեով դարձավ համաշխարհային ֆուտբոլի սիրտը... պատմական հանդիպում, որն իր անջնջելի հետքը կթողի կլասիկոների պատմության մեջ:

15 мар. 2014 г.

Առաջին հանդիպում... գարուն

Հանկարծահաս «բարև», ունքերի վերբարձրացում և խորիմաստ մի հայացք, խոսուն լռություն և վայրկենական անհանգստությունը կոծկող թեթև մի ժպիտ... ահա՛ դու իմ առաջին հայացքում...

...Եվ հայացքի մերթընդմերթ բեկումներ, որոնք ավելի խոհուն դարձրին քեզ... գիտե՞ս՝ մի բան նկատեցի. այդժամ դու մոռացել էիր, թե որքան գեղեցիկ ես և գերող... դու անկեղծ էր, անգամ անհոգ և... քեզ կորցրած... քո ժպիտը մեկ այլ անկեղծության անհունից էր, անհանգստությունդ՝ մեկ այլ խորության... դու այդպես ավելի գեղեցիկ էիր...

15 րոպե և դու արդեն հասու չէիր ինձ, բայց ինձ մոտ էիր... դու այդ կարճ ժամանակահատվածում հասցրել էիր քեզ ամփոփել իմ մեջ... ներաշխարհումս դու ձայնում էիր... գարնանագալը...

12 мар. 2014 г.

Գիշերավարդ

Ամենանվաճ հայացքդ հենց կեսգիշերին թեթևորեն ժպտած ինձ... և քո այդ ժպիտը խորությանդ արտացոլանքն է միայն, քո ներքին բազմամտայնության ու խորհրդավորություն առհավատչյան. և խորն է այնքան ներաշխարհդ, որ ըստ իս՝ ժպիտով անգամ կարող ես լռել... և գոռալ ժպիտով, խոցել, հետաքրքրել... 

... դիմագծերդ քո ընկալման հայելիներն են... գիտեմ՝ կարող ես խոսել հայացքով, ամենախոց հայացքով...

Դո՛ւ, գիշերային հանկարծավարդ, մնայուն մի անցերազ...