31 мая 2019 г.

Դու և ես

Դու-ն վաղուց արդեն 4 տառ է ինձ համար... ես-ն էլ հետը: Դու շարունակ գրում ես այն մասին, որ չպետք է վհատվենք և պիտի շարունակենք ժպտալ: Իսկ դու ժպտո՞ւմ ես այն պահերին երբ երջանիկ չես: Չնայած... ո՞ւմ հետ եմ խոսում. դու անգամ երջանկությունը զգալիս չես ժպտում: Համաձայն եմ, որ մի օր բոլորի ներսում ինչ-որ բան կոտրվում է:

Հորդառատ անձրևին է երևում սիրո անմնացորդությունը, բայց դու ջերմություն ես սիրում, այն էլ չափավոր: Դժվար թե մտածես քեզ սիրողների մասին: Անձրևի ընթացքում էլ երևի քնում ես: Մեղավոր ես: Քնում ես, որ չտեսնես ինչպես են սիրում: Սիրո մասին երևի թե ամենամեծ տողերն արդեն գրվել են: Նույնիսկ սառած թեյը խմելը կարող է քեզ ինչ-որ մեկին հիշեցնել. այդիսկ պատճառով դու երևի դժվարությամբ ես այն խմում: Անիմաստ է քեզ ասել, որ այնքան դժվարությամբ, ինչպես դու խմում ես եռման թեյը, մարդիկ սիրում են այդպես: Խմիր օրական 3-4 բաժակ դառը սուրճ ու հասկացիր, թե որքան դառն է ամեն ինչ այդ միակի գնալուց հետո: Շտապիր մեղադրել ինձ սերն ու սուրճն իրար խառնելու համար: Սերը չեն նախատեսում այնպես, ինչպես դու մտածում ես օրվա ընթացքում քո ուտելու մասին: Երևի թե գիտես, որ անգամ սոված են սիրում, բայց ինքդ միշտ կուշտ ես: Սիրո առաջ դու ամենամեղավորն ես:

Ոչինչ էլ առաջվանը չէ: Ցավը գիտե՞ս որն է. հիշելով ամենը՝ տպավորություն է, որ ոչինչ չի էլ եղել: Երևի դու դպրոցում ամենալավն էիր մաքրում գրատախտակը: Դպրոցից հետո էլ քո մեջ այդ սովորությունը մնացել է: Վարար գետն անգամ անկանգ ճանապարհին ինչ-որ բաներ խնայում է...:

Չգիտեմ, մարդիկ այս տարօրինակ քաղաքում նույնքան տարօրինակ էլ սիրում են: Ես չեմ քնում, որպեսզի դասավորեմ տողերս քո մասին, բայց գրելիս ուզում եմ քնել, որովհետև վերջերս կտրուկ բարձրացել է երազում քեզ տեսնելու հավանականությունը:

13 мая 2019 г.

Գողացված երազանքների փոխարեն

Ես կլուսանկարեմ քաղաքի մայրամուտները քեզ չգրված նամակների փոխարեն: Արդեն վաղուց չկա ավելի գեղեցիկը, քան դու: Մենք ժպտում ենք փոքրերին ու մեծերին, այդ թվում մեզ սիրողներին: Բայց մեզ սիրողներին քիչ ենք ժպտում, որովհետև ավելի շատ ցավեցրել ենք: Մեզնից գողացել են մեր երազանքները՝ տեղը թողնելով այս գեղեցիկ քաղաքի շքեղ մայրամուտները:

Ոչինչ այլևս առաջվանը չէ: Չգիտեմ, թե ինչպես է չափվում գեղեցիկը, որովհետև երբ կողքիդ էի, գեղեցիկը չէի նկատում... ոչինչ չէի նկատում: Դու գնացել ես՝ ոչինչ չթողնելով և ոչինչ չտանելով: Չգիտեմ նաև, թե ինչպես են գնում մարդիկ: Մի օր երևի մենք կհանդիպենք փողոցում. ոչ լայն մայթին, որպեսզի ստիպված լինենք ճանապարհը զիջել միմյանց: Բախտը մեզ հիմա էլ լայն մայթեր չի տա: Չգիտեմ՝ ով մեզնից կգա ընդառաջ և ով հետ, կամ էլ դու մինչև հանդիպելը կանցնես փողոցը սովորությանդ համաձայն: Գուցե մենակ չլինես փողոցում...:

Առաջին անգամ հետ գնացի նույն փողոցով դարձյալ քայլելու, որպեսզի գլիցինիաների հոտը դարձյալ զգամ: Ու այս քաղաքում եզակի հանդիպող գլիցինիաների հոտը քեզ է հիշեցնում: Երևի շարունակեմ ծխել բացակայությունդ, ավելի դառը բան չկա: Հակադրությունը իմ ու քո չմիասնության ամենալավ պատկերն է: Գունավորն ու անգույնը մեզնով երբեք չեն միախառնվել:


12 мая 2019 г.

Երևանյան երկինքը. մի քանի լուսանկարներ 📷

Որոշել եմ այսուհետ բլոգում հրապարակել գեղեցիկ լուսանկարներ: Մի փոքր բնական է, որ ամեն ինչ սկսվում է Երևանից. քաղաք, որտեղ սիրում ենք և որին սիրում ենք: Երևանում լուսաբացներն ու մայրամուտները իրոք գեղեցիկ են:

Լուսանկարներն արվել են Մոնումենտ-Կասկադ հատվածից.





11 мая 2019 г.

Քաղաքը մեզ սեր է պարտք

Բոլոր չստացված լուսանկարները հավանում էիր... սիրում եմ ինքնավստահությունդ: Սիրո ամբողջ ընթացքը ոչ այլ ինչ է, քան ընդամենը անցյալ: Վաղուց մեր սերը միաձուլվել է մյուս դեպքերին՝ հարմար տեղավորվելով մեկի համար ամենօրյա, մյուսի համար ընդմիշտ չհիշվող դարակում:

Գիտեմ, ասելու ես, որ մարդիկ պատահաբար չեն ընտրում միմյանց: Իսկ այս քաղաքում մեր ստեղծածը ի՞նչ էր...: Դու լռելու ես ամենակարևոր հարցերից հետո, խոսելու ես միայն այն ժամանակ, երբ պատասխանն այլևս էական չի լինելու: Չէ, ես նյարդային չեմ, վաղուց գիտեմ, որ դու ձեռքերդ լվանում ես ոչ միայն այն ժամանակ, երբ դրանք կեղտոտ են:

Քաղաքը մեզ սեր է պարտք. քաղաքը ինձ քեզ է պարտք: Դու ինձ մենակ թողեցիր այս նույն քաղաքում՝ վախենալով ինքդ մնալ մենակ: Լավ, ուրեմն թող ես քո վախերը լինեմ: Ոչինչ այնքան չի ցավեցնում, ինչքան գնալուդ հանգստությունը... ասես այդպես էլ պետք լիներ: Դու ֆանտաստիկ բաղադրատոմսով ուղղակի արարել ես գալդ ու գնալդ: Ես կերել եմ պատրաստածդ՝ մեկ ափսեի մեջ մեծ չափաբաժնով սերն ու մենակությունդ, չհագեցնող տվածդ ու ահռելի չափաբաժնով վերցրածդ: Դառնաղի էր ամեն ինչ... ու այդքան քաղցր: Ես «հետ եմ տալիս» ամենը՝ ինձ պահելով մաղձը՝ կարոտի համով...:

4 мая 2019 г.

Բոլորս

Երազանքները մեզնից առաջ են ընկնում: Իրականությանը վազանցել չի կարելի: Բոլոր արագաչափերը նկարում են երազկոտներին: Մենք անընդհատ վազում ենք մեր բախտի, սիրելիի համբերության և կորստի ցավի մեղմացման հետևից:

Ծառերն էլ հիշողություն ունեն: Սիրելու լավագույն միջոցը բնությունն է: Ծառերը մարդկանցից լավ են խեղդում կարոտը: Մենք հոգնել ենք փողոցներում ու սենյակներում սիրելուց, բոլոր մեծ սերերը ազատություն են ուզում: Դու մոռացել ես սիրել անտառում, որովհետև դու դադարել ես հայացքդ ուղղել առանցքիցդ դուրս: Շարունակ կկրկնեմ, որ երբեք էլ պետք չէ փոխվել... ոչ մեկի համար: Մեկ անգամ գնացողը երկրորդ և երրորդ անգամ էլ նույնը կանի: Վաղուց մարդիկ դադարել են պատասխաններ հորինել գնալու համար:

Բոլորս էլ ինչ-որ մեկի կողմից լքված ենք... ցավոք: Բոլորս էլ մի հայացքով մնում ենք ուրիշի հիշողության մեջ... մի ժպիտով, ինչ-որ տեղ, մշտապես լուռ, նաև փակ աչքերով: Դու միշտ տողն ես եղել, իսկ ես տողատակը: Էջերի քանակն էլ էական չէ, գրողի տարած բովանդակությունն էլ հետը...: