13 сент. 2016 г.

Քեզ հետ քայլելուն պատրաստ էի, իսկ լռելուն՝ ոչ

«Լավ կլինի չիմանաս, թե երբ եմ լռում»… Իհա՛րկե, որովհետև վախենում եմ լռությունիցդ, վախենում եմ ոչ թե ասելիքիցդ, այլ դրա կուտակումից:

Քեզ հետ խոսելուն պատրաստ էի. պատրաստ էի հաջորդականությանը, նույնիսկ տոնայնությանը, սակայն քեզ հետ լռելուն պատրաստ չէի:

20:40 ջրի մոտ. շատ լավ: Ժամն արդեն 8-ն է. լարվածություն, որովհետև գիտակցում եմ, 40 րոպե է մնացել: Սրտի աշխատանքի աստիճանաբար արագացում: 20:10. ի՞նչ փոխել հանդերձանքում. ոչինչ, որովհետև այժմ դա չի կարևորը. հարկավոր էր չափազանց պարզ լինել, դա ներքին հանգստություն ապահովեց: Օծանելիք, կանգ հայելու առջև… հայելի, գրողը տանի: Մի քանի րոպե գամվել հայելուն, տեսնել ինձ նման զգացմունք ապրելիս: Տեսնել, թե ինչպես ես տեսնելու ինձ:

Քայլք, առանց կանգնելու, գերնպատակային քայլք: Ժամանակ… 8:20: Սպասում: Էլի սպասում:

20:40. տարօրինակ զգացում, որ արդեն տեղում ես… որոնումներ: Անընդհատ որոնումներ: 20:40. չկաս, 20:45, 20:50 էլ չկաս, Աստված իմ… 20:53. զանգ, վազք, արագ վազք, հավատ… երջանկություն:

«Բարև…»: Ու այնուհետև ամեն ինչ դուրս է սցենարից: Ես չգիտեմ ինչ խոսել հետդ, չգիտեմ խոսե՞մ արդյոք: Լուռ քայլելը դեռ երբեք այսքան գեղեցիկ չէր եղել: Ու վարսերդ երբեք այսքան ուրիշ չեն եղել:

Մատերդ… կարոտ: Ես քեզ հետ խոսելիս ամենաշատը սիրում եմ լսելդ:

Անասելի կարոտ, կարոտ անգամ առ այս հանդիպումը: