18 нояб. 2015 г.

Անկարելին...

Հերթական երեկոն մեղմ ու սահուն, մի փոքր էլ ձանձրանալով իր գիրկն է առնում քաղաքի նորավառ լույսերը՝ ստեղծելով աշնանավերջի մի շքեղ տեսարան... տվյալ պահի խոհերս կապվում են լույսերի հայացքին... քեզնով:

Ու քո մասին մտածելիս թվում է՝ երեկոն էլ եկավ քեզնով, լույսերը վառվեցին քեզնով: Այո, ես սկսում եմ տարվել քեզնով, բայց այլ ճանապարհ չունենալով... ինչպես փողոցն է անպայքար տրվում մթությանը: Գիտեմ, կասես, որ չի կարելի... ինքդ էլ հասկանալով, որ անհասն է ձգողը, արժեքավորը, եզակին...: Այո, չի կարելի, գիտեմ... բայց ոչ մի կարելիի մասին մտածել անգամ չեմ փորձել, առավել ևս երազել:

 Քո մտերմական խոսքում մի շքեղ գաղտնիք կա, հայացքի թեքումից հետո մի այլ հայացք կա՝ իմաստի, պահի, անդարձի...: Հերթական ողջույնը, հայացքների հատումը, քայլվածքիդ հետևելը... այո ես հետևում եմ քայլվածքիդ՝ մտածելով, թե ինչ շքեղություն կունենա այն, երբ լինի հեռացումի...

Գիշերային պարզությամբ կվերադառնաս՝ ստեղծելով տպավորություն, թե երբեք էլ չես գնացել... իսկ մի՞թե դու ունես հեռանալու վտանգը... դու հավերժ հոգեմոտ ես, հավերժ նոր, հավերժ բացահայտելի...: Գիտեմ, որ մտքերը կիսատ են մնում, կարդալիս գուցե յուրաքանչյուր բազմակետ քեզ մի փոքր էլ նյարդայնացնում է... այո, ես ձգտում եմ ու չեմ հասնում, ինչպես նայում եմ երկնքին՝ երբեք չմտածելով այն շոշափելու մասին... քո մասին էլ ես ամբողջապես այլ կերպ եմ մտածում... սիրելով բոլոր «չի կարելի»-ները...