5 апр. 2014 г.

Քեզնից, հրաշք...

Այո, դու կաս և դու եղել ես, այդ ես եմ կարծել, թե նոր ես եկել, անակնկալ, գուցեև սպասված...
Րոպե էլ չանցած քեզ հետ խոսելիս, ապրեցի զարմանք ու տարակուսանք. հագեցրի կարոտ ու մի մե՜ծ զգացում...
Միաժամանակ տարածվելով ազնվագույն տեսակիդ մեջ՝ ինքդ հասցրիր մրրիկի պես թափանցել հենց իմ հոգու մեջ...
Ամեն բան կանգնում կամ փլուզվում է այն հեքիաթի շուրջ, որն անվանեցինք սքանչելագույն...
Նախկինում էլ ես միշտ խոսել եմ գուցե հենց քեզ հետ, հենց նույն հեքիաթում, նույն տողերով...

4 апр. 2014 г.

Անջատ, չկապակցված տողեր առ վեհություն...

Հեռու օրերից մի թվացյալ հոգեկապ, անծանոթ մի ճանաչում... ես գրեցի առաջին նամակը, բայց... ճանաչելով քեզ, անունդ և կերպարդ վերստին հիշելով՝ անտիպ, անգիր տողերի նման:

Ռիսկային էր գուցե ամիսներ առաջ քեզ գրելը... ես անգամ չէի հասցրել սովորել անգո լինելդ... քեզ պես վեհությանն անգամ չճանաչելն է պատիվ... քեզ չճանաչելն էլ է զգացում...

Ինչո՞ւ եմ գրում իրարից անջատ նախադասություններ... լավ հարց է... գիտե՞ս առհասարակ մենք շարադրանք ենք գրում, երբ հստակ կառուցում ենք մեր միտքը, զգում գրելու իմաստը, բայց... քո մասին գրելիս ես չեմ կարողանում հագեցնել տողերը... բացատներն ավելի խոսուն են...

Փորձե՞լ ես նայել քեզ հայելու մեջ և ժպտալ... անհագ ժպտալ... իմաստ էլ չունի այս հարցադրումը... դու ուղղակի այդպես ավելի գեղեցիկ կլինես...

Սիրառատ ու բեկբեկուն հայացք... կիսավախկոտ, բայց հպարտ... այնքան առավել ես, այնքան վերերկրյա, որ հայացքիդ էլ չեմ հավատում...

Իրականում, ցանկանում էի այլևս չգրել... վեհ էիր, անզոր էի...

Միայն մի զգացում նկարներդ նայելիս... կատարելության անասելի ընկալում... սքանչելիության մարմնացմանը նայելու վախ...

Երանելիությո՜ւն...

25 мар. 2014 г.

Սիրում եմ քեզ չնկատելդ

Մոտ արի... քայլերդ անշտապ ուղիր դեպ ինձ և չմոռանաս հայացքդ բեկել գետնին... իբր ամաչում անգործ մեղքերի ու կատարյալ պարզության... ես սիրում եմ հոգուդ մերկությունը: Երեկոյան գուցե լուսնի անքող լույսն է փայլ տալիս աչքերիդ կամ էլ աչքերդ են լցվում... բայց ինչո՞ւ. հա՜, միգուցե գիշերն է հիշեցնել տալիս աղմկոտ ցերեկվա մշուշում կորած աննկատ սխալները... գիշերն էլ՝ որպես օրվա դիպուկ հետգրություն, մեղմ թերթել է տալիս էջերը ժամեր առաջվա:

Բեկբեկուն հայացք, արցունքախառն ժպիտ... ա՜խ, ես պաշտում եմ անգո պարզությունդ... որը գուցե դու էլ չես տեսնում... սիրում եմ քեզ չնկատելդ...

Օ՜, աստվածներ ֆուտբոլի...

23 մարտի 2014 թվական... մոլորակը նմանվել էր գնդակի և... բաժանվել 2 մասի... այդժամ ֆուտբոլային հանրությունը ներկվեց սպիտակ և կապտանռնագույն գույներով... երկրպագուները շունչները պահած, սրտի թրթիռով հետևում էին անասելի դիտարժանությամբ Սուպեր Կլասիկոյին... հանդիպում, որն իր տեսակի մեջ եզակի է... հանդիպում, որ ամենա-ամենան է և բավարարում է անգամ խաղը զուտ գոլերի համար դիտողներին... 7 գոլ մեկ խաղում, 90 լարված րոպեներ, բեկումնային դրվագներ, կարմիր քարտ և երեք 11 մետրանոց. էլ ի՞նչ էր պետք երկրպագուին... սա էր դիտարժանության գագաթնակետը...

Վերջնարդյունքում կատալոնական Բարսելոնան 4-3 հաշվով հաղթեց Ռեալ Մադրիդին... ֆուտբոլասերները ևս մեկ անգամ համոզվեցին, որ կատալոնա-մադրիդյան դիմակայությունը բացառիկ է թե՛ մթնոլորտով, թե՛ դիտարժանությամբ, թե՛ անասելի աստղաբույլով.. թե՛, թե՛, թե՛... Լիոնել Մեսին ընդդեմ Քրիշտիանո Ռոնալդուի... և կարևոր չէ, թե այս գերաստղերից ով է լավագույնը.. փաստ է, որ նրանք են լավագույն... Սանտիագո Բերնաբեուն 90 րոպեով դարձավ համաշխարհային ֆուտբոլի սիրտը... պատմական հանդիպում, որն իր անջնջելի հետքը կթողի կլասիկոների պատմության մեջ:

15 мар. 2014 г.

Առաջին հանդիպում... գարուն

Հանկարծահաս «բարև», ունքերի վերբարձրացում և խորիմաստ մի հայացք, խոսուն լռություն և վայրկենական անհանգստությունը կոծկող թեթև մի ժպիտ... ահա՛ դու իմ առաջին հայացքում...

...Եվ հայացքի մերթընդմերթ բեկումներ, որոնք ավելի խոհուն դարձրին քեզ... գիտե՞ս՝ մի բան նկատեցի. այդժամ դու մոռացել էիր, թե որքան գեղեցիկ ես և գերող... դու անկեղծ էր, անգամ անհոգ և... քեզ կորցրած... քո ժպիտը մեկ այլ անկեղծության անհունից էր, անհանգստությունդ՝ մեկ այլ խորության... դու այդպես ավելի գեղեցիկ էիր...

15 րոպե և դու արդեն հասու չէիր ինձ, բայց ինձ մոտ էիր... դու այդ կարճ ժամանակահատվածում հասցրել էիր քեզ ամփոփել իմ մեջ... ներաշխարհումս դու ձայնում էիր... գարնանագալը...

12 мар. 2014 г.

Գիշերավարդ

Ամենանվաճ հայացքդ հենց կեսգիշերին թեթևորեն ժպտած ինձ... և քո այդ ժպիտը խորությանդ արտացոլանքն է միայն, քո ներքին բազմամտայնության ու խորհրդավորություն առհավատչյան. և խորն է այնքան ներաշխարհդ, որ ըստ իս՝ ժպիտով անգամ կարող ես լռել... և գոռալ ժպիտով, խոցել, հետաքրքրել... 

... դիմագծերդ քո ընկալման հայելիներն են... գիտեմ՝ կարող ես խոսել հայացքով, ամենախոց հայացքով...

Դո՛ւ, գիշերային հանկարծավարդ, մնայուն մի անցերազ...