25 дек. 2013 г.

Հիշում եմ կարոտելով...

Հիշում եմ՝ ինչպես էիր ափերումդ թաքցնում դեմքդ: Այժմ ոչ միայն աչքերդ եմ կարոտել, այլ հենց ձեռքերդ, անզգացմունք ու ոչինչ չասող մատե վարագույրդ եմ կարոտել, սիրո՛ւնս: Գեղեցկությունն էլ անզգացմունք հայացքումդ էի որոնում, և երբ սանրե մատերդ հփվում էին ուղղավարսերիդ, դա էր ինձ համար աստածային գեղեցկությունը: Գիտեմ, հիմա մատերովդ հետ կտանես վարսերդ ու անհանգիստ հայացքդ կբեկվի մե՛կ ինձ, մե՛կ գետնին.
Ի՛նձ, որ մեջս գտել էիր քեզ և գետնի՛ն, որ իմ մեջ կորցրիր քեզ... 

Այժմ արդեն քո՝ գետնին նայող վերջնահայացքն եմ անգամ կարոտում: Քայլքդ եմ կարոտում... այո՛, անգամ հեռացումի...

20 дек. 2013 г.

Հետաքրքիր փաստեր ֆուտբոլի մասին

Ներքոնշյալ փաստերը հավաքել և տետրերումս գրառել եմ 7 տարեկանից սկսած: Եթե հետաքրքրի, խոստանում եմ մերթընդմերթ անդրադառնալ այս թեմային.


·1976 թվականի մարտի 20-ին անգլիական «Լեսթեր Սիթի»-«Ասթոն Վիլա» հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, բոլոր 4 գոլերն էլ խփեց «Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստ Քրիս Նիկոլը:
  • 2000 թվականի մայիսի 17-ին Իսպանիայում անցկացվեց անսովոր բարեգործական հանդիպում. «Ատլետիկ Բիլբաոն» մրցում էր 200 երեխաների հետ միաժամանակ: Վերջիններս ունեին 3 դարպասապահ և ընտրել էին 66-80-51 տակտիկան, սակայն պարտվեցին 3-5 հաշվով:
· Հայտնի երգիչ Խուլիո Իգլեսիասը ժամանակին հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», սակայն ավտովթարի պատճառով 20 տարեկանում հեռացել է ֆուտբոլից:

·1950 թվականին Հնդկաստանի ազգային հավաքականը զրկվեց աշխարհի առաջնությանը մասնակցելուց այն բանից հետո, երբ ՖԻՖԱ-ն արգելեց հնդիկներին խաղալ ոտաբոբիկ:

·Յուրօրինակ ռեկորդ է սահմանել «Ստոկհոլմ» թիմի երիտասարդական կազմի դարպասապահ Ների Զլատանը, ով մի հանդիպման ժամանակ ընդհանրապես չի դիպել գնդակին, իսկ իր թիմը հաղթել է 18:0 հաշվով:

· Վատիկանի ազգային առաջնությունում խաղում են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Բանկը», «Փոստը», «Ոստիկանությունը», «Գրադարանը», Թանգարանների հավաքականը և այլն:

·1891 թվականին անգլիացի ֆուտբոլային մասնագետ Ջոն Պենալթիի առաջարկությամբ ֆուտբոլի մեջ մտցվեց կանոն, ըստ որի` սեփական տուգանայինում կոպիտ խախտման դեպքում պետք է նշանակվի 11-մետրանոց հարված, որն էլ այս մասնագետ անունով կոչվեց «պենալ»:

·Մառախուղ. անգլիական ֆուտբոլի մղձավանջներից մեկը. չեն երևում ոչ ֆուտբոլիստները, ոչ հանդիսականները: Այսպիսի մի խաղից հետո ֆուտբոլիստ Ջորջ Օդսը ասել է. «Հիշում եմ, որ հաստատ խփել եմ 5 գոլ, բայց թե ում դարպասին՝ չեմ հիշում...»:
Այդ խաղից հետո մրցավարը նկատել է, որ յուրաքանչյուր թիմում խաղացել է 18 հոգի:

18 дек. 2013 г.

Միայն Ամանորին...

Շուտով Ամանոր է... երազկոտ հայացքով անաստղ երկնակամարին նայող աչքերը ավելի փայլուն են դառնում: Եզակի օրեր են, երբ առատ ձյան սառնությունը երկրոդական է դառնում: Յուրաքանչյուրս ցանկանում ենք համատարած ճերմակության մեջ որոնել մեր երազները... մթագնած լույսերը շուտով կկորեն անթափանց մառախուղի անգույն ու անպատկեր մշուշում... ա՜խ, գեղեցիկ ես որքան սիրելի՛ս, որ քայլերդ ուղղել ես ճանապարհի ամայությանն ընդառաջ: Շուտով դու էլ՝ ողջ հասակով, երկար մազերով ու նուրբ ձեռքերով կկորչես մառախուղի անդարձ գրկում: Եվ հունվարին... կվերադառնաս աներազ ու հրաշքներին անհավատ գիշերով: Սակայն... կմարեն արդեն ամանորյա երազների բուռն հրճվանքներս... այդ գիշերն ինձ համար կլինի ուղղակի սառը գիշեր՝ հունվարյան մի պահ, որն ամենևին էլ դեկտեմբերից ցուրտ չէ... հոգի՛ս է ցուրդ սիրելիս: Միայն մինչ Ամանորն եմ հավատում երազներին...

Մի լուսանկարի պատմություն

Վերը նշված լուսանկարը մի քանի օրվա պատմություն ունի. դեկտեմբերի 15-ն էր: Աշխատանքի բերումով գտնվում էի Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում և նկարում հերթական մարզումը:

Պարապմունքի ավարտն էր. նկարում էի վերջին կադրերը, իսկ հրաձիգ-հրաձգուհիները դիպուկ կրակոցներով զարմացնում էին ինձ: Առաջին հերթին ինձ հետաքրքրում էր վերջիններիս հայացքները՝ միակենտրոն, ուշադիր...
«Ավա՛րտ» հրամանից վայրկյաններ առաջ հնարավորություն ընձեռվեց դիմացից նկարել նշանառուներին: Մի պահ ինձ թիրախ զգացի. 2 տասնյակից ավել զենք «ուշադիր հայացքներով» զննում էին ինձ: Թիրախագոտի մտնելիս մի աղջկա հայացք տեսա. ցանկացա նկարել, սակայն կարծեցի, որ բնական չի ստացվի, քանի որ յուրաքանչյուր պահ հայացքը «որսում» էր տեսախցիկիս տեղաշարժը: Արագ մի քանի լուսանկարներ և մի պահ, երբ ծնկաչոք է և նկարում էի ավելի վաղ նկատածս աղջկա կողքի հրաձգուհուն, զգացի... ա՜յն հայացքը, որը հետևում էր իմ տեղաշարժին, այժմ այլ կետի է սևեռված: Մեկ քայլ ու տեսախցիկիս էկրանին վարկենաբար արտացոլվեց աղջկա (անունը հետագայում իմացա՝ Սուսաննա) հայացքը: Զգացի, թե ինչքան անսպասելի էր իմ տեղաշարժը Սուսաննայի համար... ինձ հետ դա էր պետք... ցանկանում էի, որ նա չնկատի ինձ, չմտածի նկարվելու մասին. ու հենց այդպես էլ եղավ. ես որսացի Սուսաննայի հայացքը: Ասեմ, որ այս հայացքը մի պահ նույնիսկ վախեցրեց ինձ... նման բան մեկ էլ ֆիլմերում էի տսել, երբ զենքից այլևս փախչել չես կարող, այս պարագայում էլ զենքից առավել ինձ հենց հայացքը վախեցրեց...

15 дек. 2013 г.

Լռեմ քեզ հետ, իմ սիրելի՛

Հեռացումի քայլքդ անկանգ
Ինձնից քեզ է գողանում...
Անվերադարձ հետհայացքդ՝
Լռությունդ արժեվորում:

Լռեմ քեզ հետ իմ սիրելի՛
Ողջ երեկոն հեռացումի.
Քո լռության փափուկ ձայնում
Սերն է գոռում, անկանգ ձայնում:

Քո հայացքում անլռելի
Այնքան խոսուն խոհեր կան,
Անգամ մի կյանք արժե ամբողջ
Քեզ հիշելն ու կարոտելը...

12 дек. 2013 г.

Քո ու մանուշակի անձայն զրույցը

Մի՛ գնա... սպասի՛ր ակնթարթ, քո մեջ այնքան ջերմություն կա, քո մեջ կյանք կա ծվարած՝ անգամ այս ցրտին: Քո փաթիլի մեջ ջերմություն կա և քո հնամենի անտեր այգում գարնանածին մի մանուշակ կա... անտես, գլխիկոր.

Իրկնային լույսն էլ ստվեր կգցի անծիլ այգում բուսնած անմեղին. համատարած ամայություն և մի ցածրահասակ փարոս՝ իր կարճատև գոյությունը պահպանել ցանկացող մի մանուշակ, որը, կողքին ոչինչ չունենալով, ակամայից կծկվել է... վախենալով ոտնահետքից.

Լսի՛ր, շիկավարս օրիորդ, որ քնքշորեն ու դանդաղասահ քայլքով շունչ ես տալիս ամայի դաշտին, շնչում ես անհուն ազատությունն ու վայելում մեղմ զեփյուռը... քո շագանականագույն աչքերում վառ գույներ են միայն...

Ես էլ հեռվից թող ակնդիր լինեմ քո ու մանուշակի անծանոթ, անխոս զրույցին... եթե մանուշակն էլ ոտքեր ունենար, գուցե քայլեր քեզ պես, գեղեցկուհի՛.

-Նայի՛ր մանուշակին, նա էլ քեզ պես շիկնեց ամոթից...
Ա՜խ, հնչուն է ինչքա՜ն, քո մեղմ հայացքը անձայն...