8 нояб. 2022 г.

Մենք ամուսնացանք․․․

Մենք ամուսնացանք աշնանը։ Միգուցե ամենագեղեցիկ աշնանը, որի գեղեցկությունն այդպես էլ չհասցրինք զգալ․․․

Մենք ուշացանք նույնիսկ մեր ամուսնական ճանապարհորդությունից՝ այդ մեկշաբաթյա մեղրամիս կոչվածից․․․։ Առհասարակ, ամուսնությունը գիտակից մարդու հասարակածն է, կյանքի ամենակարևոր իրադարձությունը։ Պետք չէ հանճարորեն ձևակերպել երբեմնի արտասանված ամենավեհ մտքերը, բայց մարդիկ բաժանվում են հավաքականորեն, ամուսնանում՝ յուրովի։


Մեր հարսանիքը հոգնակի դարձավ, մենք միգուցե 1․5 հարսանիք ունեցանք․․․ մենք ամուսնացանք պատերազմի և խաղաղության ճամփաբաժնին, աշնան տաք և ցուրտ օրերին։ Մեր, տրամադրության մեջ չտեղավորվող, «հարսանիքներին» կրկնակի հրճվեցինք և կրկնակի ապրեցինք։ Մարդիկ ամուսնանում են, բաժանվում, դարձյալ ամուսնանում, իսկ մենք միմյանց հետ 2 հարսանիքներով ամրագրում ենք մեր միությունը․․․ մենք այստեղ ևս չտեղավորվեցինք տրամաբանության և մտածողության մեջ։ 

Գիտե՞ք ինչ են զգում զույգերը, երբ հյուրերին հրավերներն ուղարկում են 2 անգամ․․․ ճիշտ է՝ մենք եկեղեցում մեկ անգամ խոստացանք լինել միասին, սակայն երկու հարսանիք է, քանի որ կրկնապատիկ ուրախ ենք միմյանց հետ ամուսնանալու համար․․․ 

Իհարկե ամուսիններն ունեն թերություններ․․․ Քարնեգիի տեսությունը հենց այդ մասին է․ եթե ամուսիններն անթերի լինեին, ապա չէին ամուսնանա իրենց կանանց հետ։ Իհարկե հիմնավոր հակասությունը ամուսնությունը կյանքի կարևորագույն անցումը դարձնելն է։ Իսկ մենք եկել ենք համոզելու, որ ամուսնությունից հետո, այո՛, կյանք կա։ «Փոքրիկ իշխանի»՝ ընտելացրած սիրելիի համար պատասխանատու լինելուց վերև էլ մի քայլ կա․ ասել, որ այդ բոլոր ճանապարհները հարթ են, նույնն է, ինչ ոչինչ չասել։ 

Ամուսնալուծվելու համար նախատեսված զգեստներ չկան, օրացույցներում կարմիրով չեն նշվում այդ օրերը, ամուսնալուծվելու օրը գինովցած հյուրերը երջանկություն չեն մաղթում նորաբաժաններին․․․ ուրեմն հարսանիքը ամենագեղեցիկ տոնն է, որը կարելի է ապրել։ Ինչո՞ւ են սեփական ծննդյան տարեդարձը, Ամանորը այդքան սպասելի և գեղեցիկ։ Բացի այն, որ այդ շարքային օրվանից հետո գալու են դեռևս անհայտ և անակնկալներով լի օրեր, այլ նաև մի կարևոր բանի համար․ այդ օրը մարդիկ ավելի շատ են հավատում հրաշքին, քան մնացած 363 օրերին։ Մենք եկել ենք կոտրելու նաև այդ կարծրատիպը։ Ամուսնանալիս ևս պետք է երազանքներ պահել։ Ամուսնության առանձնահատկությունն այն է, որ այդ երազանքները կատարվում են հաջորդ իսկ օրվանից։ 

Դարձյալ չձևակերպելով՝ պետք է արձանագրել, որ «ամուսնությունը թթու թան չէ, ամեն մարդու բան չէ»։ Երևի նորապսակները չպետք է գրեն ամուսնության մասին, քանի որ հիմնականում տողերը գրվում են տարիներ անց։ Սակայն մենք մենք չէինք լինի, եթե չկոտրեինք նաև այս կարծրատիպը։ 

Սիրո մասին գրում են բոլորը․․․ երևի թե, նույնիսկ կիսագրագետները։ Սիրո մասին շատ բան գրել պետք չէ, երբեմն ընդամենը 5 տառ՝ «սեր իմ» գրելը և ուղարկելը սիրելիին բավական է։ Սիրո մասին խոսում են բոլորը՝ դեռահասները, հաջողակներն ու աղքատները, խաբվածներն ու այդ զգացմունքից հեռուները․․․ մի խոսքով բոլոր նրանք, ովքեր սիրում են, կամ գոնե ձևացնում են, թե սիրում են։ Ամուսնությունը այլ է, այն նախ երկար է գրելու համար, նաև բարդ է ապրել։ Իրականում բարդ է նաև ամուսնանալ, քանի որ այդժամ ամեն ինչ իմաստավորվում է ավելին, քան նախորդած բոլոր իրադարձություններում։ 

Մեր աղավնիներն ուրախ էին և ազատ։ Հետաքրքիր է՝ քանի զույգեր են ձեռքերի մեջ առել նրանց․․․ մտածե՞լ ես, թե ինչքան թանկ են աղավնիները։ Նրանց վայրկյաններ տևող թռիչքի համար բավականին բարձր գին է վճարվում։ Նրանք թռչում են և րոպեներ անց հետ կանչվում՝ նախապատրաստվելու հաջորդ թռիչքին կամ անցնելու ձանձրալի վանդակը։ Ի՞նչ են մտածում աղավնիները, սիրո՞ւմ են արդյոք իրենց աշխատանքը․․․ 

Ինչպես լինում է հեքիաթներում, աշունը զիջում է իր տեղը ձմռանը։ Մենք հասցրինք վերաձևակերպել գրեթե ամեն ինչ, ինչ կա մեր շուրջը։ Մեր սիրո աշունը կրկնվեց․․․ մենք ամուսնացանք։

1 апр. 2022 г.

Դու, որ գիտես սիրո կանոնները

 Երբեմն գումարս միայն բավականացնում է քեզ թատրոն հրավիրելու համար... այս քաղաքի ռեստորանները գիտեն մեր սիրո մասին, իսկ փողոցները՝ վեճերի։

Մենք արթնանում ենք սիրո հետ. միգուցե ամենահաճելի զգացումներից մեկը, որը կարող է մարդն ապրել։ Քիչ ենք գրում, շատ խոսում, բայց, եթե լսել, ուրեմն միայն սիրելիին։ 

Լայն ու նեղլիկ փողոցների անհարմար մայթերին միասին անվերջ քայլողներս գիտենք սիրո բանաձևերը, բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Միշտ չէ, որ բժիշկներն ամենաառողջ մարդիկ են։ Մեր սերը երևանյան անձրևի շունչն է։ Գիտե՞ս, յուրաքանչյուրը տարբեր ձև է զգում անձրևը, ոմանք ընդհանրապես, փակվում են տանը և արձակում վարագույրները...



31 мая 2019 г.

Դու և ես

Դու-ն վաղուց արդեն 4 տառ է ինձ համար... ես-ն էլ հետը: Դու շարունակ գրում ես այն մասին, որ չպետք է վհատվենք և պիտի շարունակենք ժպտալ: Իսկ դու ժպտո՞ւմ ես այն պահերին երբ երջանիկ չես: Չնայած... ո՞ւմ հետ եմ խոսում. դու անգամ երջանկությունը զգալիս չես ժպտում: Համաձայն եմ, որ մի օր բոլորի ներսում ինչ-որ բան կոտրվում է:

Հորդառատ անձրևին է երևում սիրո անմնացորդությունը, բայց դու ջերմություն ես սիրում, այն էլ չափավոր: Դժվար թե մտածես քեզ սիրողների մասին: Անձրևի ընթացքում էլ երևի քնում ես: Մեղավոր ես: Քնում ես, որ չտեսնես ինչպես են սիրում: Սիրո մասին երևի թե ամենամեծ տողերն արդեն գրվել են: Նույնիսկ սառած թեյը խմելը կարող է քեզ ինչ-որ մեկին հիշեցնել. այդիսկ պատճառով դու երևի դժվարությամբ ես այն խմում: Անիմաստ է քեզ ասել, որ այնքան դժվարությամբ, ինչպես դու խմում ես եռման թեյը, մարդիկ սիրում են այդպես: Խմիր օրական 3-4 բաժակ դառը սուրճ ու հասկացիր, թե որքան դառն է ամեն ինչ այդ միակի գնալուց հետո: Շտապիր մեղադրել ինձ սերն ու սուրճն իրար խառնելու համար: Սերը չեն նախատեսում այնպես, ինչպես դու մտածում ես օրվա ընթացքում քո ուտելու մասին: Երևի թե գիտես, որ անգամ սոված են սիրում, բայց ինքդ միշտ կուշտ ես: Սիրո առաջ դու ամենամեղավորն ես:

Ոչինչ էլ առաջվանը չէ: Ցավը գիտե՞ս որն է. հիշելով ամենը՝ տպավորություն է, որ ոչինչ չի էլ եղել: Երևի դու դպրոցում ամենալավն էիր մաքրում գրատախտակը: Դպրոցից հետո էլ քո մեջ այդ սովորությունը մնացել է: Վարար գետն անգամ անկանգ ճանապարհին ինչ-որ բաներ խնայում է...:

Չգիտեմ, մարդիկ այս տարօրինակ քաղաքում նույնքան տարօրինակ էլ սիրում են: Ես չեմ քնում, որպեսզի դասավորեմ տողերս քո մասին, բայց գրելիս ուզում եմ քնել, որովհետև վերջերս կտրուկ բարձրացել է երազում քեզ տեսնելու հավանականությունը:

13 мая 2019 г.

Գողացված երազանքների փոխարեն

Ես կլուսանկարեմ քաղաքի մայրամուտները քեզ չգրված նամակների փոխարեն: Արդեն վաղուց չկա ավելի գեղեցիկը, քան դու: Մենք ժպտում ենք փոքրերին ու մեծերին, այդ թվում մեզ սիրողներին: Բայց մեզ սիրողներին քիչ ենք ժպտում, որովհետև ավելի շատ ցավեցրել ենք: Մեզնից գողացել են մեր երազանքները՝ տեղը թողնելով այս գեղեցիկ քաղաքի շքեղ մայրամուտները:

Ոչինչ այլևս առաջվանը չէ: Չգիտեմ, թե ինչպես է չափվում գեղեցիկը, որովհետև երբ կողքիդ էի, գեղեցիկը չէի նկատում... ոչինչ չէի նկատում: Դու գնացել ես՝ ոչինչ չթողնելով և ոչինչ չտանելով: Չգիտեմ նաև, թե ինչպես են գնում մարդիկ: Մի օր երևի մենք կհանդիպենք փողոցում. ոչ լայն մայթին, որպեսզի ստիպված լինենք ճանապարհը զիջել միմյանց: Բախտը մեզ հիմա էլ լայն մայթեր չի տա: Չգիտեմ՝ ով մեզնից կգա ընդառաջ և ով հետ, կամ էլ դու մինչև հանդիպելը կանցնես փողոցը սովորությանդ համաձայն: Գուցե մենակ չլինես փողոցում...:

Առաջին անգամ հետ գնացի նույն փողոցով դարձյալ քայլելու, որպեսզի գլիցինիաների հոտը դարձյալ զգամ: Ու այս քաղաքում եզակի հանդիպող գլիցինիաների հոտը քեզ է հիշեցնում: Երևի շարունակեմ ծխել բացակայությունդ, ավելի դառը բան չկա: Հակադրությունը իմ ու քո չմիասնության ամենալավ պատկերն է: Գունավորն ու անգույնը մեզնով երբեք չեն միախառնվել:


12 мая 2019 г.

Երևանյան երկինքը. մի քանի լուսանկարներ 📷

Որոշել եմ այսուհետ բլոգում հրապարակել գեղեցիկ լուսանկարներ: Մի փոքր բնական է, որ ամեն ինչ սկսվում է Երևանից. քաղաք, որտեղ սիրում ենք և որին սիրում ենք: Երևանում լուսաբացներն ու մայրամուտները իրոք գեղեցիկ են:

Լուսանկարներն արվել են Մոնումենտ-Կասկադ հատվածից.





11 мая 2019 г.

Քաղաքը մեզ սեր է պարտք

Բոլոր չստացված լուսանկարները հավանում էիր... սիրում եմ ինքնավստահությունդ: Սիրո ամբողջ ընթացքը ոչ այլ ինչ է, քան ընդամենը անցյալ: Վաղուց մեր սերը միաձուլվել է մյուս դեպքերին՝ հարմար տեղավորվելով մեկի համար ամենօրյա, մյուսի համար ընդմիշտ չհիշվող դարակում:

Գիտեմ, ասելու ես, որ մարդիկ պատահաբար չեն ընտրում միմյանց: Իսկ այս քաղաքում մեր ստեղծածը ի՞նչ էր...: Դու լռելու ես ամենակարևոր հարցերից հետո, խոսելու ես միայն այն ժամանակ, երբ պատասխանն այլևս էական չի լինելու: Չէ, ես նյարդային չեմ, վաղուց գիտեմ, որ դու ձեռքերդ լվանում ես ոչ միայն այն ժամանակ, երբ դրանք կեղտոտ են:

Քաղաքը մեզ սեր է պարտք. քաղաքը ինձ քեզ է պարտք: Դու ինձ մենակ թողեցիր այս նույն քաղաքում՝ վախենալով ինքդ մնալ մենակ: Լավ, ուրեմն թող ես քո վախերը լինեմ: Ոչինչ այնքան չի ցավեցնում, ինչքան գնալուդ հանգստությունը... ասես այդպես էլ պետք լիներ: Դու ֆանտաստիկ բաղադրատոմսով ուղղակի արարել ես գալդ ու գնալդ: Ես կերել եմ պատրաստածդ՝ մեկ ափսեի մեջ մեծ չափաբաժնով սերն ու մենակությունդ, չհագեցնող տվածդ ու ահռելի չափաբաժնով վերցրածդ: Դառնաղի էր ամեն ինչ... ու այդքան քաղցր: Ես «հետ եմ տալիս» ամենը՝ ինձ պահելով մաղձը՝ կարոտի համով...: