29 июл. 2015 г.

Քո սիրելի ծաղիկներն ու իմ սիրելի ձեռքը...

Դու սիրում ես երիցուկ, իսկ քեզ նմանեցնում եմ քեզ երիցուկի... երիցուկ սիրելն անգամ քո էությունն է: Նայիր այդ ծաղկին... որքան շքեղ է ու միևնույն ժամանակ որքան պարզ... այդպիսին էլ դու ես...

Ցերեկը, երբ աղմկահար քամին օրորում է երիցուկը... այն դառնում է ավելի թեթև ու տարուբերվում համատարածում, իսկ երեկոյան այն որքա՜ն խորհրդավոր է... իսկ ինչքան խորհրդավոր ես դու երեկոյան, ինչքան շքեղ ես ցերեկը... քեզնով օրի մասերն են տարբեր և ոչ դու ես տարբեր այդ ընթացքում...

Երբ ձեռքերդ սահում են երիցուկների միջով... կարծես այդ ծաղիկները փարվում են քեզ, զգում են զարկերակդ... երիցուկների մեջև ձեռքդ թվում է քամու գրկում...

18 июл. 2015 г.

Պարզապես դու սկսեցիր չգնալ

Գիշեր... քո նվիրած մեղեդին հայացքս բարձրացնում է դեպի երկինք, իսկ քամին ձայնակցում է... շշուկիդ: Երբ հեռանում էիր, գուցե վերափոխվեց քո հանդեպի իմաստը, այն ավելի հասուն դարձավ, չդարձավ սովորական ու առավ երկնայինի փայլը: Հեռավորությունն ինձ ստիպեց այլ կերպ նայել ամենին... դու սկսեցիր գիշերները գալ, պարզապես դու սկսեցիր չգնալ: Մնալով՝ դու ինձ տվեցիր հավերժին գնալու անվերադարձ շնորհը... ահա, թե որտեղ է լույսը. դու գնացիր միշտ լինելու խոստումով ու... իրականում դու եկար այլ զգեստով: Այժմ քո զգեստն այն չէ, որը քեզ գեղեցկացնում էր ու ես բազմից նշում էի դրա գեղեցկության մասին... այժմ քո զգեստն ինձնում խորհրդանշում է անվերջի, հուժկուի, մղման կարևորությունը:

Առավոտ... այն ավելի շատ քո «հակադրումն» է իմ գիշերին... գիտես, ես սիրում եմ նաև քո առավոտները, որոնք դու ինձ նվիրում ես ցնորական գիշերների փոխարեն: Քո կազմած թափանցիկ լուսաբացերի մեջ անգամ վերերկրյայի փայլը կա... սաստկանում է. դու ստիպում ես մերժել գիշերները, զգացումները... դու կարո՞ղ ես շրջանցել գիշերը. այս հարցադրումով ավարտում եմ առավոտվան ուղղված միտքը, քանի որ այն չպետք է գերազանցի գիշերի մասին խոսքերին...

Վարսերդ օրորվում են քամուց... ժպիտիդ հընթացս հայացքդ անզոր է մի պահ չբեկվել երկնքին: Քո մերժումները մերթընդմերթ երերում են, քանի որ անգամ գիշերն է երբեմն հրաժարվում ընդունել դրանք... երբեմն մտածում եմ՝ ինչպես կլիներ, եթե դու չգնայիր... իսկ գուցե ես ավելի ու ավելի չտենչայի քեզ, ինչպես հիմա... ա՜խ, անգամ հեռու լինելդ եմ սիրում... դու սկսեցիր չգնալ, ոչ թե հեռանալ:

Հերթական լուսաբացն է սպառնում ինձ, հերթական մերժումդ... ու հենց այդ պահին դու ասացիր, որ սիրում ես գիշերը...

6 дек. 2014 г.

Բլոգը 1 տարեկան է :)

Սիրելի ընթերցողներ, այն բլոգը, որում այժմ դուք միտումով, գուցեև պատահաբար հայտնվել եք, տոնում է իր ստեղծման 1-ին տարեդարձը:

2013 թվականի դեկտեմբերի 6-ին կյանքի կոչեցի մտացածին իմ նախաձեռնությունը. մեկը միլիոնավորների մեջ, որը եկել է իր բաժին ուրույն խոսքով, մի փոքր էլ այլ հետաքրքրությամբ:

Հետևում մնացած 12 ամիսների ընթացքում ավելի քան 6100 այցելություն. երախտապարտ եմ:

Բոլորին, ովքեր գեթ մեկ անգամ այցելել են իմ բլոգ, հետաքրքրվել են, աչքի են անցկացրել նյութերը, անչափ շնորհակալ եմ. իմ այս փոքր ուրախությունն առանց ձեզ առ ոչինչ է, իմ սիրելի ընթերոցողներ :)

Ես, տարեդարձը հաշվի առնելով, խոստանում եմ բլոգին ավելի մեծ ուշադրություն դարձնել, բավարարել ձեր հետաքրքրություններն ու այն ամենը, ինչը դուք սպասում եք այս փոքր ու ջերմ միջավայրից:

4 дек. 2014 г.

Աշնան մութ փողոցների խորհրդավորուհին

Աշուն է… ցուրտ, մոլորեցնող, անժպիտ, մռայլ… հերթական երեկոն այս անգամ իջնում է դանդաղ, լույսերը վառվում են հանգիստ ու անշտապ:

 Մթապատ փողոցները ստվերներ են թողնում մայթերին, իսկ քայլող խորհրդավորուհին շարունակում է իր աննշմար ուղին: Մտքում նույն հնչյուններ են, նույն բառերն են, սակայն… զգացումներն են տարբեր: Նույն ուղին գարնանը պատված էր փթթած ծառերի ժպտաբեր ծաղկաթերթերով, իսկ այժմ… դեղին տերևները ծածկել, չորացրել են ամենը
Ես անդադրում մտովի ուղեկցում եմ քեզ ճանապարհի ամբողջ երկայնքովսակայն գիտե՞ս արդյոք, որ ես սկսել եմ կարոտել քայլքդայո՛, կարոտում եմ անգամ հեռացումի քայլքդձեռքերդ եմ կարոտել, թեկուզ, որ ծածկում էին արցունքալից աչքերդ:

Զգո՞ւմ ես, որ բազմակետերս այժմ աելի խոսուն են: Այս կետերը քո լռությունն են նշմարում, իսկ դու... սիրում ես լռել, քանի որ հայացքդ գիտի մի ամբողջ հեքիաթ պատմել աստղալից երկնքին ձգտող հոգուդ մասին: Սքանչելագույն էությունդ կրկին ձգում է անհագ մի մղումով, կանչում են աչքերդ, և ցանկանում եմ շուրթերիդ շարժը տեսնել... լեզուդ թող «հեռացում», «մութ», «խավար» շշնջա, բայց թող շարժվեն շուրթերդ... իրականում սա մի անասելի զգացում է:

Ահա և դու... մի անտեսիլ գեղեցկությամբ ու վայելչակազմ կեցվածքով օրիորդ, ում հայացքն անգամ վերերկրյա անեզրության հետ զրույցի նախապայման է, ում ժպիտը սերում է անգոյությունից ու խորությամբ գերազանցում տիեզերքին...

Նորեն քեզ վայել կատարելակերպ համեստությամբ «բարև» կշշնջաս ու օրս կլցվի ողջույնովդ՝ մոռացնելով անգամ անցյալի անկերպ մառախուղները,...

Գնում ես… տխրության ետնապատկերին հոգելից ուրախությունն է. ներկայությունդ արդեն իսկ կենսական է, որը խեղդում է գնալդ պատկերացնելու խորացավ զգացումը… 

27 окт. 2014 г.

Ձեր անգո ներաշխարհն ընկալելով...

Սահուն մի մղումով ես որոշեցի գրել Ձեզ… անծանոթուհի. սակայն անմիջական մի պատասխանը թերեւս ջնջեց իմ եւ Ձեր անջրպետային անսկիզբ լռությունը: Ես գրում էի առաջին անգամ, սակայն Ձեր պատասխանը ինձ տանում էր.. հավերժությունն անժամանակ:

Ահա եւ Դուք. խոսքը մի անշրջանակ խորհրդավորությամբ ու խոսեցնելու ծածուկ խորամանկությամբ: Դուք գեղեցիկ եսք… ես սա ասում եմ առանձ Ձեզ տեսնելու, քանի որ Ձեր անէ ներաշխարհից արձակված հնչյունները… իրականում շատ գեղեցիկ են…

Թող, խնդրում եմ… թույլ տուր ես խոհերումս գծեմ Ձեր անկերպ դիմագծերը… ա՜խ, փարվել անճանաչ օրիորդի խոսքերին… եւ որքան հզոր եք Դուք:

Երեկ էր, թե նախորդ օրը, երբ գրեցի Ձեզ առաջին նամակը… դա էլ էական չի Ձեր բառն անգամ հավերժությանը տալու համար: Եվ ժամանակներ, տառեր անգամ էական չեն Ձեզ գրելիս… այդժամ ես հավերժամերժ եմ դառնում՝ միայնապատկեր Ձեր առկայի Ձեր ներկայի դիմաց:

Ներկապնակում աշնան միայն Ձեր աչքերի գույնն է… անձրեւում Ձեր... ժպիտն է… խորաթափանց… այո, բազմակետե՜ր… այժմ այս կետերն ավելի խոսուն են:

Իրակա՞ն, թե՞ անգո… ես հավերժ կհիշեմ Ձեր վերերկրյայությունը աշնան Ձեր չլսված, չգրված մի երգի հնչյուններում: Ու ես կարոտելու եմ… անգամ բացակայությունը Ձեր… Ձեր քայլքը, թեկուզ… հեռացումի:

Կապույտ անձրեւանոցով աղջկան, ով վարդագույն էություն ունի… սա էլ ոչ թե հետգրություն, այլ վերջաբան գրվածքի:


2 окт. 2014 г.

Գիշերային անէություն... հայացք, կարմիր շրթներկ...

Գիշերային անէությամբ մազերդ ջրվեժվել են ուսերիդ, իսկ կարմիր շրթներկն ամբողջացնում է իգականության երբեմնի կատարելությունը: Հայացքդ էլ, թվում է, գիշերային մի լուռ զրույց է նախապատրաստել ամայության հետ...

Եվ պաշտել կարելի է տողերդ՝ քեզ ուղղված հաճելի խոսքից հետո... որոնք արտաբերում ես ամաչկոտության մի անէ, չապրված փայլով...  գուցե իդեալականությունդ քո ամբողջության մեջ է... էությանդ անհուններում...

Գիտեմ, բազմակետերս ավելի խոսուն են դառնում... այս կետերը քո լռությունն են նշմարում, իսկ դու... սիրում ես լռել... քանի որ հայացքդ գիտե մի ամբողջ հեքիաթ պատմել աստղալից երկնքին ձգտող հոգուդ մասին... հայացքդ գիտե պաշտելի դարձնել, հոգիդ, որի վեհությունը հայելակերպ արտահայտումն է աչքերումդ...

Սքանչելագույն էությունդ կրկին ձգում է անհագ մի մղումով, կանչում են աչքերդ, եւ ցանկանում եմ շուրթերիդ շարժը տեսնել... լեզուդ թող «հեռացում», «մութ», «խավար» շշնջա, բայց թող շարժվեն շուրթերդ...