18 июл. 2015 г.

Պարզապես դու սկսեցիր չգնալ

Գիշեր... քո նվիրած մեղեդին հայացքս բարձրացնում է դեպի երկինք, իսկ քամին ձայնակցում է... շշուկիդ: Երբ հեռանում էիր, գուցե վերափոխվեց քո հանդեպի իմաստը, այն ավելի հասուն դարձավ, չդարձավ սովորական ու առավ երկնայինի փայլը: Հեռավորությունն ինձ ստիպեց այլ կերպ նայել ամենին... դու սկսեցիր գիշերները գալ, պարզապես դու սկսեցիր չգնալ: Մնալով՝ դու ինձ տվեցիր հավերժին գնալու անվերադարձ շնորհը... ահա, թե որտեղ է լույսը. դու գնացիր միշտ լինելու խոստումով ու... իրականում դու եկար այլ զգեստով: Այժմ քո զգեստն այն չէ, որը քեզ գեղեցկացնում էր ու ես բազմից նշում էի դրա գեղեցկության մասին... այժմ քո զգեստն ինձնում խորհրդանշում է անվերջի, հուժկուի, մղման կարևորությունը:

Առավոտ... այն ավելի շատ քո «հակադրումն» է իմ գիշերին... գիտես, ես սիրում եմ նաև քո առավոտները, որոնք դու ինձ նվիրում ես ցնորական գիշերների փոխարեն: Քո կազմած թափանցիկ լուսաբացերի մեջ անգամ վերերկրյայի փայլը կա... սաստկանում է. դու ստիպում ես մերժել գիշերները, զգացումները... դու կարո՞ղ ես շրջանցել գիշերը. այս հարցադրումով ավարտում եմ առավոտվան ուղղված միտքը, քանի որ այն չպետք է գերազանցի գիշերի մասին խոսքերին...

Վարսերդ օրորվում են քամուց... ժպիտիդ հընթացս հայացքդ անզոր է մի պահ չբեկվել երկնքին: Քո մերժումները մերթընդմերթ երերում են, քանի որ անգամ գիշերն է երբեմն հրաժարվում ընդունել դրանք... երբեմն մտածում եմ՝ ինչպես կլիներ, եթե դու չգնայիր... իսկ գուցե ես ավելի ու ավելի չտենչայի քեզ, ինչպես հիմա... ա՜խ, անգամ հեռու լինելդ եմ սիրում... դու սկսեցիր չգնալ, ոչ թե հեռանալ:

Հերթական լուսաբացն է սպառնում ինձ, հերթական մերժումդ... ու հենց այդ պահին դու ասացիր, որ սիրում ես գիշերը...

Комментариев нет:

Отправить комментарий