Եկել եմ այն համոզմանը, որ մենք ոչ թե մեր մտքերն ենք կամ երազանքները, այլ մենք ընդամենը մեր նախկին սերերն ենք... այն կիսատները, որոնց մասին գեղեցիկ տողեր են գրվում: Դժվար թե դու մտածես մարդկանց մասին, որոնց լքում են: Հանիր ներսիդ դատարկությունն ու ապրիր ներքին թռիչքներով: Բոլոր եղանակներն արդեն քո կարիքն ունեն: Դու բոլորին կիսատ թողեցիր: Ամբողջ կյանքի ընթացքում մեր փնտրածը հենց մենք էինք...: Սխալվե՞լ: Չգիտեմ: Ես չեմ ուզում ճիշտ լինել:
Ոչինչ այլևս առաջվանը չէ. անառարկելի է: Սակայն ես այժմ չեմ կարող նայել աչքերիդ, կամ այցելել այն գրադարանները, որտեղ դու ժամանակ ես անցկացրել: Ես քեզ սկսում եմ հորինել, բայց ոչ թե անցյալի պատառիկներով, այլ հենց այնպես, ինչպես դու մոռանում ես... ամենը: Դու չես ուշանում ներկայացումից, քանի որ պատճառներ չունես: Դու ընդամենը մեկ անգամ ուշացար. հենց այն օրը, երբ ամեն ինչ սկսվեց: Ուշացար, որ ոչ թե այլևս չուշանաս, այլ որ այլևս չգաս:
Սփոփա՞նք. ես արդեն չգիտեմ: Միայն գիտեմ այն, որ եկեղեցիներն էլ հիշողություն ունեն...: Վերջիվերջո, կա մի ճշմարտություն. իմ սիրո առջև դու մի քանի դրամ ես նետել անգամ մի օր ետ վերցնելու պայմանով: Թուլությո՞ւն. մետաղադրամներդ միակ բանն էին, որ ես քեզնից ունեի:
Комментариев нет:
Отправить комментарий