22 сент. 2023 г.

Չավարտվող հայրենիքի սահմանները

Ամենացավալին միգուցե չի կարող լինել մեկ բան․․․ անտարբերության կողքին կանգնում է անզորության ահավոր զգացումը։ Հարցերի հարցը այն չէ, թե ինչպես են սիրում հայրենիքը, հարցնում են, թե ինչ են արել նրա համար, կամ թե հակառակը։ Հայրենիքը ամենուր է, երբ մեկնում ենք այստեղից, երբ հազարավոր կիլոմետրեր հեռու տեսում ենք այն ուղղանկյուն գրքույկը, որին հիշում ենք վարկեր ձևակերպելիս, վճարումներ անելիս։ Եւ միգուցե դա նորմալ է․ Հայաստանն իրականում պաթոսի մասին չէ։ Այո, ճանաչելով երկիրը, որի մարզերից ընդամենը 1-ը և մայրաքաղաքը սահմաններ չունեն հարևանների հետ՝ հասկանում ես, որ այն ինքդ քո մասին է․ և Հայաստանը հենց մեր անձն է՝ շատ ուրախ ու շատ տխուր, մոռանալու չափ անցյալով ու հուսառատ ապագայով, իսկ ներկա՞ն․․․ ներկան չգիտեմ, երևի` մի կերպ․․․

Միևնույն է, Հայաստանի մասին երգերը երգելու են հասարակ մարդիկ, ամենավեհ բանաստեղծություններն ասմունքելու են դպրոցներում։ Պարզապես երբեմն չգիտենք, մեր հայրենիքը Հայաստանի մասի՞ն է, թե՞ ոչ․ իրականում այս հարցի պատասխանը հստակ արտաբերված «այո»-ն չէ, որովհետև հզոր խոսքերից անդին մեր մայրաքաղաքի փողոցներն ու գյուղերի տներն են, մի կտոր հացն է, որի համար ստիպված ենք լինում քաղցած մնալ, որը կիսելու համար առիթներ ենք փնտրում։ Միգուցե, հայրենիքը հենց մեր կողքի մարդիկ են, որոնց որպիսությունը երբեմն ավելի կարևոր է։

Մեր հայրենիքի զինանշանը նաև մեր մայրերի մատներն են՝ տեղ-տեղ բռունցք դարձած, տեղ-տեղ դեմքին մոտ դեպի խորանը լուսավոր, տեղ-տեղ որպես նշան՝ գնալու, բայց նաև կանչող ու նորեն գրկող՝ որպես հավերժական կրկնվող պատմություն, մեր հայրենիքի օրհներգը հայերեն հնչյունն է, բառը, որ արտասանվում է անգամ այլ երկրներում՝ ամենաքիչ հայկական անկյուններում։ 

Մեր Հայաստանը երկիր է, որի Անկախության տոնը կարելի է և չնշել, քանի որ այդ, առանց այն էլ փոքր տարածքի մի մասը կտրում են մեզնից, ինչպես արել են դարեր շարունակ։ Այս երկիրը մերն է, որովհետև այլ հողի վրա հայերեն ցավել ուղղակի չի ստացվի։ Հայաստանը, այո, հեռացել է նախապես ձեռք բերված արժեքներից, որոնք, ի դեպ, տրվել են շատ դժվարությամբ, սակայն մեկ համախմբումը, որը եղել է մեր ծնողների՝ հայրենիքին մատուցած գլխավոր ծառայությունը, թույլ է տվել ապրել, վայելել․․․ Հայաստանը 1991 թվականի վերածնունդն է, այն բոլորիս 2-րդ ծնունդն է․․․ 

Եւ ես սա գրում եմ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 22-ին, որովհետև ի՛մ Հայաստան, Քո ամեն ծանր գիշերվանից հետո սովորեցրել ես նայել շքեղ լուսաբացերիդ․․․

Комментариев нет:

Отправить комментарий