4 июл. 2014 г.

Հետաքրքրաշարժ անուններով ֆուտբոլային ակումբներ

Ֆուտբոլային ակումբների կեսից ավելին կրում է տվյալ բնակավայրի, քաղաքի անունը: Հանդիպում է նաև այնպես, որ քաղաքի անվանը ավելանում է «united», «atletico» կամ մեկ այլ գրառում: Իսպանիայում կան «real» մականունով ակումբներ (ի միջի այլոց այդ անվանումը շնորհվել է ժամանակի բարձրակարգ ակումբներին, նաև «Բարսելոնա» ֆա-ին, որը չընդունեց կոչումը): Լինում են նաև դեպքեր, երբ ընտրվում է անուն, որը տվյալ բնակավայրի անունով չէ. Պարզապես լավ է հնչում կամ հոգեհարազատ է տվյալ ժողովրդին: Պետք է շնորհակալ լինել, որ եվրոպական բնակավայրերի անվանումների մեծ մասը բավականին հնչեղ է և դյուրընթեռնելի:

Բայց… բայց կան թվով փոքր ակումբներ, որոնք մե՛կ իրենց անվանումներով, մե՛կ անունընտրման պատմություններով առանձնանում են մյուսներից: Օրինակ՝ Ֆինլանդիայի երրորդ դիվիզիոնում հանդես է գալիս մի ակումբ, որի անվանումն է…<Santa Claus>:
 Այս թիմը տվյալ անունն է կրում՝ ի պատիվ տոնական նվերներ բաժանող միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի: Ակումբի զինանշանի վրա էլ պատկերված է ծերուկ Ձմեռ պապը, ով խոժոռ հայացքով ինչ-որ գրառումներ է կատարում: Իսկ ակումբի ֆուտբոլիստների մարզազգեստները ամբողջովին կարմիր են, ինչպես Ձմեռ պապինը… Թերևս միայն գլխարկն է պակասում…


Նոր Զելանդիայում էլ կա մի ակումբ, որի անվան պատմությունը կրկին հետաքրքիր է: Ակումբի անունը «Տաումատա» է, որը տեղական բլրի անվանումն է…Խելամի՞տ է թվում, եթե այո, ապա ավելացնեմ, որ «Տաումատա»-ն այդ բլրի միայն կրճատ անվանումն է, ամբողջական անվանումը (խորը շունչ խնդրում եմ) «Տաումատաուհակատանջիհանգակոաուաուոտամատեապոկայուհենուակիտանատուտահու» է…Այսքանից հետո կարելի է միայն ուրախ լինել, որ բլրի «անունը» կրճատվել է, և հետո միայն ակումբի անուն դարձել:


Հյուսիսային Կորեայում էլ կա մի ակումբ, որի անունը «4.25» է: Այդ երկրում տվյալ թվերը բավականին մեծ նշանակություն ունեն: Ապրիլի 25-ը, որը հենց ստացվում է 4.25 (այդ երկրում էլ են սկզբից գրում ամսաթիվը, հետո օրը) ժողովրդական բանակի ստեղծման օրն է (1932թ.):
Իսկ վերջում մնում է հուսալ, որ ապագայում ստեղծվելիք բոլոր ֆուտբոլային ակումբների տնօրենները մի փոքր ավելի շատ ժամանակ կհատկացնեն ակումբի անվան ընտրմանը…

Комментариев нет:

Отправить комментарий