13 февр. 2014 г.

Ինչո՞ւ եմ ընտրել լրագրողի մասնագիտությունը

Վերնագրային հարցին կարճ պատասխան տամ և անցնեմ բացատրությանը... լրագրությունն ընտրել եմ, քանի որ այն մոտ է ֆուտբոլին, այն մոտ է սպորտին:
Բավականին վաղ տարիքում, երբ ֆուտբոլային մանկական կարիերաս պետք է թևակոխեր ծաղկման և առաջխաղացման փուլ, երբ առաջին մեդալներս ու պատվոգրերս զարդարում էին ննջասենյակս ու զարմացնում բարեկամներիս, բժիշկները որոշեցին և ինձ հայտնեցին... խաղակոշիկները կախել մեխից...

Ինձ համար այս բեկումնային օրվանից անցել է 6 տարի... այսօր եմ միայն հասկանում, որ ինչ-որ բանի ավարտը միշտ էլ մի նոր բանի սկիզբ է... այնինչ 6 տարի առաջ ես ցանկանում էի... որ աշխարհից անհետանան բոլոր բժիշկները: Ֆուտբոլիստի կարիերային ցտեսություն ասելը դժվար էր, բայց ոչ անհնարին... մոռացման տարիներ և մասնագիտության ընտրության խնդիր:

Ամբողջ մանկությունս անցել է ֆուտբոլի գրկում, ֆուտբոլային մարզաշապիկների մեջ, քնել եմ անգամ գնդակի, մրցաշարային աղյուսակների և պաստառների հետ... արտասվել եմ ֆուտբոլիստների, նյարդայնացել մարզիչների ու «գոլ» գոռացել երկրպագուների հետ... լա՛վ, ի՞նչ անել, որպեսզի մոտ լինել ֆուտբոլին, գոնե սպորտին... հավերժահարցին «մարզական լրագրություն» բառակապակցությամբ պատասխանեցի: Իրականում չէի պատկերացնի, որ այսպես ֆուտբոլին մոտ կլինեմ, սակայն ես իրապես մոտ եմ, ես լիաբավություն եմ զգում այս մասնագիտության շնորհիվ...


Ես իրոք հասկանում եմ... ինչ-որ բանի ավարտը միշտ էլ նորի սկիզբն է միայն...

Комментариев нет:

Отправить комментарий